Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, որը տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովի անդամ է, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով լրանում է այդ հանձնաժողովի ձևավորման մեկ տարին, սակայն առայսօր հանձնաժողովը նորմալ չի աշխատում: Անգամ հայտնի չէ` հանձնաժողովի հերթական նիստը երբ է տեղի ունենալու: «Եթե ես չգիտեմ, դուք չգիտեք, երբ է լինելու նիստը, ինչպես եղավ որ հանձնաժողովը նորմալ է աշխատում»,- ասաց Պողոսյանը:
Խոսելով քաղաքապետարանի պատվերով միջազգային մի քանի կազմակերպությունների կողմից ուղևորահոսքերի կատարած ուսումնասիրության մասին` Պողոսյանը տեղեկացրեց, որ զեկույցն արդեն պատրաստ է. «Այն 35 էջանոց է, որի 21 էջում սխալ բաներ են գրված, իսկ 21-ից հետո դատարկաբանություն է: Այդպես էլ պարզ չդարձավ, հիմա մեկ միկրոավտոբուսը մի ուղղությամբ քանի՞ ուղևոր է տեղափոխում»:
Պողոսյանը կարծում է, որ այդ աշխատանքներին պետք է ներգրավված լինեին նաև Հայաստանի կոմպետենտ մասնագետները: