ԱՄԱՆՈՐՆ Է ՆՐԱ «ԴՐԱՅՎԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում  գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը  դարձավ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար գլխավոր PR ակցիան:
Հրապարակն  ընդդիմության մի հանրահավաքի չափով լեփ-լեցուն էր ծնողներով,  երեխաներով (նաեւ վարչական նշանակության բազմաթիվ վերարկուավոր պաշտոնյաներով ու ավագանու անդամներով), լույսերով,  երաժշտությամբ, իսկ հրապարակի մերձակա փողոցները, որ կիսախավար են անգամ այն օրերին, երբ Հանրապետական կուսակցությունում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստեր են արվում, անսովոր լուսավոր էին:
Առհասարակ, Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ արել էր, որ այս տոնածառով  Տարոն Մարգարյանն առանձնանա «դրայվոտ» Կարեն Կարապետյանի  եւ  Մետաքսի տղա Գագիկ Բեգլարյանի  ֆոնին: Ճիշտ է, Երեւանի նոր քաղաքապետը պաշտոնավարման շուրջ երկու ամիսների ընթացքում հասցրել էր հանդես գալ մայրաքաղաքային նշանակության մեկ-երկու միջոցառումների եւ արձանների բացման արարողությունների, սակայն դրանց  որեւիցե շուք եւ պերճանք չէր տրվել: Այնպես որ, այս PR ակցիան  խոսում է այն մտադրությունների մասին, որ ունի ՀՀԿ ղեկավարը` Երեւանի քաղաքապետի հետագա պաշտոնավարման հետ կապված:
Նախքան երեւանցիներին տոնածառի մոտ հրավիրելը, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տարածած հայտարարության մեջ խոստացվել էր տոնական օրերին վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների շուրջօրյա գրաֆիկով աշխատանք` առանց հետտոնական  աղբի կուտակման,  եւ հասարակական անխափան տրանսպորտ: Մեր տեղեկություններով` հենց առանց աղբի Երեւանն էլ դառնալու է Տարոն Մարգարյանի գլխավոր «ձիուկը»:
Ինչեւէ, եղեւնու լույսերը հանդիսավորությամբ վառելուց հետո, մի հինգ րոպեի չափ մնալով, վարչական շրջանների ղեկավարներն ու ավագանիները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ  լքեցին հրապարակը` գորովալից ժպիտներով  նայելով հավաքված երեւանցիների ուղղությամբ: Իսկ մարդիկ էլ, որոնք գոնե առաջին տպավորությամբ հարկադրաբար չէին եկել, կարծես գոհ էին իրենց երեխաներին անվճար ուրախություն պարգեւելու այս հնարավորության համար:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս