Armenian text to speach

Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը․ ինչ հարցեր են քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP31) կողմերի 31-րդ համաժողովը: Այն բացվել է գիտնականների կողմից գլոբալ ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ նոր նախազգուշացումների ֆոնին: Կլիմայական գագաթնաժողովն այս տարի անցկացվում է էներգետիկ ճգնաժամերի, միջազգային հակամարտությունների և եղանակային վտանգավոր երևույթների աճի պայմաններում:

Օրակարգում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, անցումն ավելի մաքուր էներգետիկայի, կլիմայական ֆինանսավորումը և պետությունների հարմարեցումը գլոբալ տաքացման հետևանքներին։ Բացի այդ, մասնակիցները պետք է որոշեն, թե ինչպես արագացնել Փարիզի կլիմայի համաձայնագրի կատարումը, քանի որ պետությունների գործող պարտավորությունները բավարար չեն գլոբալ տաքացումը սահմանափակելու համար:

Ամենասուր վեճն ավանդաբար վերաբերում է ծախսերի բաշխմանը։ Ավելի աղքատ պետությունները պահանջում են ավելի շատ օգնություն այն տնտեսություններից, որոնք պատասխանատու են պատմական արտանետումների զգալի մասի համար: Պետությունները չեն կարողանում համաձայնության գալ նաև հանածո վառելիքից հրաժարվելու տեմպերի վերաբերյալ: Նույնիսկ այս տարի COP31-ի բացման արարողությունը սկսվեց ուշացումով՝ ֆինանսավորման հարցերը պաշտոնական օրակարգում ներառելու շուրջ վեճի ֆոնին: Ապակայունացում են բերում նաև պատերազմներն ու էներգակիրների գների տատանումները։ Եվ այդ վերջին գործոնի պատճառով է, որ ԱՄՆ-ն կրկին հրաժարվել է մասնակցել կլիմայի պաշտոնական բանակցություններին։

COP-ը 1992 թվականին ընդունված ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի կողմերի տարեկան հանդիպումն է: Այստեղ կառավարությունները վերանայում են կլիմայական պարտավորությունների իրենց կատարումը և համաձայնության են գալիս նոր քայլերի հարցում:

Այս տարի հանդիպումը հյուրընկալում է Թուրքիան, իսկ բանակցությունները գլխավորում է Ավստրալիան: COP31-ը նախագահում է Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը, իսկ բանակցությունները՝ Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը։




Մամուլի Տեսություն

Լրահոս