Ամերիկյան Սպիտակ տան տարածք է փորձել իր ավտոմեքենայով ներխուժել մի տղամարդ: Նա միացել է նախագահական շարասյանը, և քիչ է մնացել՝ հայտնվի պահպանվող տարածքում: Սակայն Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են իրավախախտին:
55-ամյա Մեթյու Էվան Գոլշտեյնի ավտոմեքենան պահպանվող տարածք է ներխուժել երեկոյան ժամը 5-ին մոտ: Մեքենան ընթացել է այն լիմուզինի ետևից, որում գտնվել են ամերիկյան նախագահի դպրոցից վերադարձող դուստրերը` Մալիան և Սաշան: CNN-ին այս մասին հաղորդել է միջադեպին տեղյակ անհայտ ականատեսը:
Ինքը Բարաք Օբաման այդ պահին գտնվել է Սպիտակ տանը: Ըստ ժամանակացույցի՝ այդ պահին նա հանդիպում է ունեցել պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, ձերբակալված վարորոդն անցաթուղթ է ունեցել ԱՄՆ-ի գանձապետարան, որը գտնվում է Սպիտակ տանից ոչ հեռու: Ամենայն հավանականությամբ, տղամարդը շփոթել է ելքը: Այսպես թե այնպես, միջադեպից հետո Սպիտակ տան տարածքը մեկ ժամով փակվել է:
Ինչպես գրում են ամերիկյան լրագրողները, անվտանգության պահպանման նպատակով անգամ աննշան միջադեպերի պատճառով Սպիտակ տան տարածքը հաճախակի փակվում է: Նման միջոցներ են ձեռնակվել, օրինակ, անցած փետրվարին, այն բանից հետո, երբ տղամարդն իրեն գցել էր Սպիտակ տան տարածքի պարսպի վրա: Անցած տարվա հոկտեմբերին մի կին պահգպանվող տարածքով Infinity-ով երթևեկելու պատճառով զրկվել էր կյանքից: Նա վրաերթի է ենթարկել Սպիտակ տան կողքի պահակակետը, սլացել Վաշինգտոնի փողոցներով, և միայն Կապիտոլիումի շենքի մոտ ոստիկաններին մի քանի կրակոցից հետո հաջողվել է կանգնեցնել մեքենան: Կին-վարորդը զոհվել է: Պարզվել է, որ նրա հետ մեքենայում էր մեկ տարեկան երեխան, որը, բարեբախտաբար, չէր տուժել և հետագայում հանձնվել էր սոցիալական ծառայությանը:
Այդ միջադեպի լուսանկարները ներկայացնում ենք ստորև.