Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը և խորհրդարանական պատվիրակության անդամները նոյեմբերի երկրորդ կեսին գործուղման կմեկնեն Թուրքմենստան։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 11-ի կարգադրությամբ 2026 թվականի նոյեմբերի 17-21-ը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաք են գործուղվելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ Մամիկոն Մարգարյանն ու Սոֆյա Մնացականյանը։
Նշենք, որ Մամիկոն Մարգարյանը գործուղման կմեկնի ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, և կմնա մինչև նոյեմբերի 21-ը։
Պատվիրակությունը Թուրքմենստանում մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին։
Հատկանշական է, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգալու են ինչպես Հայաստանի պետական բյուջեի, այնպես էլ հրավիրող կողմի միջոցներով։ Մասնավորապես, ԱԺ աշխատակազմը պետական բյուջեի միջոցներից կհատուցի Երևան-Աշխաբադ-Երևան ուղղությամբ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը։ Հայկ Կոնջորյանի, Նազելի Բաղդասարյանի, Ալեքսեյ Սանդիկովի և Սոֆյա Մնացականյանի համար նախատեսված է մեկական գիշերվա, իսկ Մամիկոն Մարգարյանի համար՝ հինգ գիշերվա գիշերավարձ։
Միևնույն ժամանակ, Աշխաբադ-Թուրքմենբաշի-Աշխաբադ ճանապարհածախսը և Հայկ Կոնջորյանի, Նազելի Բաղդասարյանի, Ալեքսեյ Սանդիկովի ու Սոֆյա Մնացականյանի՝ երկու գիշերվա գիշերավարձը հոգալու է հրավիրող կողմը։
Այսպիսով, պատվիրակության գործուղման ծախսերը բաշխվելու են Հայաստանի պետական բյուջեի և հրավիրող կողմի միջև։
Անի Վարդանյան




























