Armenian text to speach

10 մլն դրամից ավել աշխատավարձ, 6 մլն դրամ ավանդ․ ինչ ունեցվածք ունի ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը 2025 թվականին պաշտոնի դիմաց ստացել է 10 մլն 53 հազար 955 դրամ աշխատավարձ։ ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի պաշտոնյան, որքան դրամական միջոցներ է կուտակել և ինչ ֆինանսական պարտավորություններ ունի։

Հիշեցնենք, որ Գոհար Մամիկոնյանը մինչ ՀՌՀ անդամ դառնալը երկար տարիներ աշխատել է կրթության ոլորտում։ 2008-2010 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հանրային կառավարման ամբիոնի լաբորանտ, ապա՝ դասախոս։ 2014-2018 թվականներին աշխատել է Հայաստանում Եվրոպական համալսարանում, իսկ 2018-2021 թվականներին եղել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ 2021-2022 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականի մայիսի 4-ին Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։

Անշարժ գույք

ArmLur.am-ը հայտարարագրից տեղեկացավ, որ Գոհար Մամիկոնյանի անշարժ գույքի ցանկը 2025 թվականին մնացել է անփոփոխ։

Նրա անունով հայտարարագրված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող ավտոկայանատեղի, որը ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով։

Մյուս անշարժ գույքը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող բնակարանն է, որը Մամիկոնյանը ստացել է ժառանգությամբ՝ 2001 թվականի մայիսի 25-ին։ Բնակարանը համատեղ սեփականություն է։

Երկու գույքերն առկա են եղել ինչպես տարվա սկզբին, այնպես էլ տարեվերջին։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք ձեռք չի բերվել, և առկա գույքերից ոչ մեկը չի օտարվել։

Հայտարարագրում կրկին նշված է նաև Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տուն, որից Մամիկոնյանը փաստացի օգտվել կամ տիրապետել է տարվա ընթացքում առնվազն 90 օր։

Արժեթղթեր և ներդրումներ

ArmLur.am-ը պարզեց, որ Գոհար Մամիկոնյանը 2025 թվականի սկզբին ունեցել է երկու բաժնետոմս։

Դրանցից մեկը, որը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերի 12-ին՝ նվիրատվության եղանակով, տարվա սկզբին և տարեվերջին ունեցել է նույն՝ 3,900 դրամ արժեքը։

Մյուս բաժնետոմսը, որը ձեռք էր բերվել 2023 թվականի հունիսի 9-ին՝ գնման եղանակով, տարվա սկզբին գնահատվել է 41,200 դրամ, սակայն 2025 թվականի տարեվերջին դրա արժեքը հայտարարագրվել է զրո դրամ։

Փոխարենը՝ ավելացել են բանկային ավանդները։ Եթե 2025 թվականի սկզբին Մամիկոնյանի ավանդը կազմել է 3 մլն 120 հազար դրամ, ապա տարեվերջին այն հասել է 6 մլն դրամի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավանդն ավելացել է 2 մլն 880 հազար դրամով։

Դրամական միջոցներ

ArmLur.am-ը ուսումնասիրեց նաև նրա բանկային հաշիվների մնացորդները։

2025 թվականի սկզբին Մամիկոնյանի բանկային հաշիվներում եղել է 4 մլն 69 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 193 հազար 766 դրամ։

Բացի այդ, տարվա սկզբին արտարժութային հաշվում դոլարային մնացորդ չի ունեցել, սակայն տարեվերջին հայտարարագրել է 721.86 դոլար։

Կանխիկ դրամական միջոցներ 2025 թվականի հայտարարագրում նշված չեն։

Եկամուտ

Գոհար Մամիկոնյանի 2025 թվականի եկամուտների հիմնական մասը կազմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացած աշխատավարձը՝ 10 մլն 53 հազար 955 դրամ։

Բացի այդ, նա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 մլն 612 հազար 854 դրամ եկամտային հարկի վերադարձ։

«Ամիօ Բանկ» ՓԲԸ-ից էլ ստացել է 437 հազար 932.6 դրամ՝ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով։

Այսպիսով, 2025 թվականին Գոհար Մամիկոնյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 104 հազար 741.6 դրամ։

Ինչ վերաբերում է պարտավորություններին, ապա 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նա ունեցել է 1 մլն դրամի փոխառության մնացորդ ։ Բացի այդ, բնակարան կառուցապատողից ձեռք բերելու նպատակով վերցրած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 10 մլն 707 հազար 898.3 դրամ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս