Armenian text to speach

Nvidia-ի ղեկավարի պաշտոնանկության հարցն է քննարկվում․ Հուանգի երեխաները կարող են փոխարինել հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը․ նրա երեխաների անուններն էլ են շրջանառվում որպես հնարավոր փոխարինողներ

Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական հսկայի տնօրենների խորհուրդը քննարկում է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետագա պաշտոնավարման հարցը։ Այս մասին, հղում անելով երկու աղբյուրի, հայտնում է CNN-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ Հուանգը կհեռացվի պաշտոնից։ Սակայն ընկերությունը դեռևս չունի ղեկավարի իրավահաջորդության հստակ հրապարակային ծրագիր, ինչի պատճառով վերլուծաբաններն արդեն քննարկում են, թե ով կարող է փոխարինել նրան։

Տնօրենների խորհրդի քննարկումները տեղի են ունենում Հուանգի շուրջ ծագած մի շարք սկանդալների ֆոնին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա հարաբերություններ է ունեցել Nvidia-ի մեկ այլ կին աշխատակցի հետ։ Դրանից առաջ էլ ընկերության ղեկավարը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ մեկ այլ կնոջ հետ ենթադրյալ կապի պատճառով։ Վերջինս, ըստ հրապարակումների, աշխատել է Չինաստանի օգտին որպես լրտես։ Այս տեղեկությունների առնչությամբ Nvidia-ի խորհուրդը իրավաբանական ընկերություն էր ներգրավել՝ ներքին հետաքննություն անցկացնելու համար։

Սկանդալի ֆոնին Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել նախաբորսայական առևտրում։ Ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 տրիլիոն դոլարը, արհեստական բանականության ոլորտի աճի գլխավոր շարժիչներից մեկն է։ Դրա բաժնետոմսերի տատանումներն ազդեցություն են ունենում նաև խոշոր ֆոնդային ինդեքսների և կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի վրա։

Ովքե՞ր կարող են փոխարինել Հուանգին

CNN-ի փոխանցմամբ՝ որպես հնարավոր իրավահաջորդներ քննարկվում են նաև Ջենսեն Հուանգի երեխաները՝ Սպենսեր և Մեդիսոն Հուանգները, որոնք երկուսն էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում ընկերությունում։

Սպենսեր Հուանգը Nvidia-ում ռոբոտաշինության ուղղության արտադրանքի տնօրեն է, իսկ Մեդիսոն Հուանգը՝ արտադրանքի մարքեթինգի ավագ տնօրեն։ Նրանք ընկերությունում աշխատում են համապատասխանաբար 2022 և 2020 թվականներից։

Մեդիսոնն ունի Լոնդոնի բիզնես դպրոցի MBA աստիճան, նախկինում աշխատել է ֆրանսիական LVMH ընկերությունում, ինչպես նաև սովորել է Ֆրանսիայի հայտնի խոհարարական դպրոցներից մեկում՝ Le Cordon Bleu-ում։ Նա, ըստ հրապարակումների, ամուսնացած է Nvidia-ի աճի թիմի ղեկավարներից Նիկո Կապրեցի հետ։

Սպենսեր Հուանգը նախկինում զբաղվել է մարքեթինգի և ռազմավարության ոլորտներում աշխատանքով, ինչպես նաև ութ տարի ղեկավարել է կոկտեյլ-բար Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։

Սակայն Ջենսեն Հուանգը դեռևս հստակորեն չի հաստատել, որ իր երեխաներից որևէ մեկը կարող է իրեն փոխարինել։ Անցած ամիս Bloomberg-ին տված հարցազրույցում նա, անդրադառնալով Մեդիսոնի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին խոսակցություններին, նշել էր, որ չէր ցանկանա այդ պաշտոնում տեսնել իր դստերը։

«Եթե դա նրանց ձգտումն է, ապա նրանք պետք է վաստակեն այդ հնարավորությունը։ Դա իսկապես շատ դժվար աշխատանք է և մեծ զոհողություններ է պահանջում»,- ասել էր Հուանգը։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս