ՆՐԱՆՔ ԵՆ
Ռուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացնելով իր վերլուծությունները հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, նշել էր, թե ՀԱԿ-ի հետ հանդիպումներում, բանակցություններում մշտապես ընդգծվում է, որ մի բան Է ակնկալվում` տարվի հայամետ քաղաքականություն: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսին նշել է, որ ոչ ոք չի կարող Կոնգրեսի առջեւ դնել հայամետ ուժ լինելու խնդիր, որովհետեւ ՀԱԿ-ը, առանց որեւէ մեկի ցուցումի կամ ճնշման, հայաստանակենտրոն եւ հայամետ ուժ է:
ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ ԵՆ
«Որքան էլ «Ժառանգություն»-ն ինքնաքննադատաբար մոտենա, այնուամենայնիվ, մեղքի փոքր բաժին վերցնելով մեր կուսակցության վրա` կասեմ, որ ընդդիմության մեղքը մեծ է նրանում, որ ժողովուրդն իրենից հիասթափվել է»,-նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
ԱՆՀԱՆԳԻՍՏ ՓՈՂՈՑ
ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի գնահատմամբ` ծանր բեռով ենք գնում դեպի 2012 թվական` կոռուպցիայի աճով, ժողովրդավարության նահանջով, արտագաղթի տեմպերի մեծացմամբ. «Մեզ ազգային մոբիլիզացիա է անհրաժեշտ, եւ դրա հնարավորությունն ունենք` 2012թ. մայիսի ընտրությունները հնարավորինս թափանցիկ եւ ազատ անցկացնելով»: Մինչդեռ հոգեորսության աստիճանի հասնող ձայներ հավաքելու գործընթացն, ըստ պատգամավորի, արդեն սկսված է. բաժանվում են կուսակցական տոմսեր եւ այլն: «Եթե այս իրավիճակը պահպանվի, անհանգիստ փողոց կունենանք»,-կանխատեսել է պատգամավորը:
ԱԿՏԻՎ ՏԱՐԻ ԷՐ
Հայ ազգային կոնգրեսի համար 2011 թվականն ամենաակտիվ տարին էր: Նման տեսակետ է հայտնել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` որպես ասվածի ապացույց նշելով, որ 2011 թվականին ՀԱԿ-ն անցկացրել է 22 հանրահավաք, քայլերթ ու 7-օրյա շուրջօրյա հանրահավաք. «2011 թվականը կարեւոր էր նրանով, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, եւ իշխանություններին չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես քաղաքական առեւտրի առարկա»:
ՀԱՎԱՏԸ ԿՈՐՑՐԱԾ
«Անցնող տարում իշխանությունները շարունակեցին աճպարարությունը, եւ եկող տարի մեծանալու է ատելությունը վարչախմբի հանդեպ»,-նման կարծիք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը` նկատելով. «Մարտի 1-ի պատվիրատու իշխող կոալիցիան փաստացի գոյություն չունի. Դաշնակցությունը դուրս է եկել, իսկ «Օրինաց երկիր»-ն էլ վաղուց դիակ է: Այս ամենի արդյունքում ունենք հույս ու հավատը կորցրած հասարակություն եւ նման տրամադրություններով մուտք ենք գործում 2012 թվական»: