Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ծեծկռտուքի «մեղավորը», 176 միլիոն անձնագրի շնորհանդեսին, ԱԽՔ-ի «ինֆակտը». ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի տեսագրությունները՝ պարզելու, թե իրականում ով է սկսել բախումը, ով է առաջինը ձեռք բարձրացրել որևէ մեկի վրա և ինչ հանգամանքներում է իրավիճակը վերածվել ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն է։ Մինչդեռ վերջինիս պաշտպանական կողմը պատրաստվում է քրեական վարույթի շրջանակում ներկայացնել իր հակափաստարկներն ու տեսագրությունները՝ պնդելով, որ միջադեպի հրահրողը ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն է եղել։

Մասնավորապես, ընդդիմադիր կողմի ներկայացմամբ՝ տեսանյութերում հստակ երևում է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը ամբիոնի մոտից վիրավորական և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ «…ձեր առաջնորդի վրա»։ Դրանից հետո, ըստ այդ վարկածի, Գառնիկ Դավթյանը մոտեցել է Չախոյանին, ով ջուրը շփել է Դավթյանի ուղղությամբ, որից հետո ընդդիմադիր պատգամավորը հարվածել է Չախոյանին։ Մեր տեղեկություններով՝ Գառնիկ Դավթյանի պաշտպանական կողմը պատրաստվում է այս հանգամանքները և տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ հիմնավորելու, որ միջադեպի նախնական հրահրումը եղել է ոչ թե Դավթյանի, այլ ՔՊ պատգամավորի գործողությունների հետևանքով։

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»

Սևանա լճի հանրային լողափերից մեկի հարակից անտառում ծառերը հատվել են մոտ երկու մետր բարձրությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի լուսանկարներում հստակ երևում է՝ անտառը բառացիորեն գլխատված է։ Տարածքը գտնվում է Սևան-Դիլիջան մայրուղու հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորան չհասած։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սևան» ազգային պարկին, որտեղից հեռախոսազանգի միջոցով պատասխանեցին, թե ծառերը թեքված են եղել, դրա համար էլ հատել են։ Ավելին՝ արդարանալու համար պարզաբանեցին, թե ծրագիրը հաստատել է նախարարությունը։ Այսինքն՝ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարած նախարարությունն է հաստատել ծառահատման ծրագիրը, իսկ «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը, որ պարտավոր է պահպանել լճի շրջակայքը, հաջողությամբ կազմակերպել է անտառի գլխատումը։

Անհայտ կորածների հարցով համաժողովին ընդդիմադիր փաստաբանին չեն հրավիրել․ ինչո՞ւ են սահմանափակել նրա մասնակցությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տաթևիկ Սողոյանին թույլ չեն տվել մասնակցել նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տաթևիկ Սողոյանը հայտնեց, որ Անհետ կորած անձանց համահայկական ասոցիացիայի կոնսենսուսային որոշմամբ՝ ինքը պետք է ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը լիներ համաժողովում։ Ավելին՝ անհայտ կորածների ծնողները բազմիցս ցանկություն են հայտնել, որ նման միջոցառումների ժամանակ հենց ինքը ներկայացնի իրենց խնդիրները։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Սողոյանն անձամբ ունի անհայտ կորած հարազատ և մասնագիտացած է մարդասիրական հարցերում։ Սակայն համաժողովի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ փաստաբանին հայտնել են, որ նա չի կարող մասնակցել միջոցառմանը։

Տաթևիկ Սողոյանը կատարվածը պատահական չի համարում և իր մասնակցությունը չեղարկելու որոշման հիմքում երկու հիմնական պատճառ է տեսնում:

«Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ եւ 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։ ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի նոր անձնագրերի տպագրության հետ։

Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաեւ՝ հրավիրատոմս եւ անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։ Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։

Սրանք Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետներն են, որի մոտ լուսանկարվում էին պաշտոնյաները: Այսինքն, միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչեւ 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։

«Իրավունք». Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԽՔ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նույն ինքը Մովսես Հակոբյանի քրոջ որդին պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որտեղ ներգրաված մարդիկ, ինչպես վերջինս է արտահայտվել. «Ինֆարկտի կհասցնեն իշխանականներին»։

Ասում են՝ վերջինս փորձել է օգնության նպատակով դիմել նաև քեռուն, սակայն վերջինս, ըստ լուրերի ասել է.«Քյոմակ կանեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս