ԱՄՆ վարչակազմը եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է՝ Կիևը Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնության հասնի մինչև հունվարի սկիզբը։ Այս մասին, հղում անելով չորս աղբյուրի, հայտնում է Financial Times-ը։
Թերթի տեղեկություններով՝ Սպիտակ տունը հույս ունի համաձայնության հասնել մինչև այն պահը, երբ Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն կհաստատի ԱՄՆ Կոնգրեսում։
«Ամերիկացիները շատ ուժեղ ճնշում են գործադրում, և մտահոգություն կա, որ համաձայնության հասնելուն մոտենալու համար Ուկրաինան ստիպված կլինի հսկայական զիջումների գնալ», – պարբերականին հայտնել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը՝ ԱՄՆ նախագահ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հատուկ բանագնացների մասնակցությամբ հանդիպումից հետո։
Financial Times-ը մեջբերում է նաև ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների, որոնք ենթադրել են, որ Դոնալդ Թրամփը կարող է եվրոպացի առաջնորդների հետ քննարկել հակամարտության ավարտի հարցը դեկտեմբերի կեսերին Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։
Միաժամանակ թերթը մեջբերում է Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը, ըստ որի՝ «Մեծ քսանյակի» շրջանակում Ուկրաինայի հարցով Եվրամիության հետ բանակցություններ չեն լինի, եթե դրանց չհրավիրվի նաև Ուկրաինան։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Բեռլինում կայացած՝ «Կամավորների կոալիցիայի» մասնակիցների հետ զրույցում թերահավատություն է հայտնել Ուկրաինային միլիարդավոր դոլարների լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցում։
Նոյեմբերի 13-ին Դուբլինում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները հավանություն էին տվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ տեխնիկական բանակցությունների համար նույն բանակցային կազմին, որը նախկինում Աբու Դաբի էր մեկնել՝ Կիևին աջակցող խմբի կազմում։ Խոսքը «ԵՄ+Ե5» ձևաչափի մասին է՝ Եվրահանձնաժողով, Եվրոպական խորհուրդ և «Կամավորների կոալիցիայի» հինգ երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան և ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիների հետ երկխոսության անհրաժեշտություն կառաջանա, երբ քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության համակարգի ապագայի հարցերը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, անդրադառնալով խորհրդակցություններին մասնակցելու ԵՄ ցանկությանը, նշել էր, որ եվրոպացիները հասկանում են՝ «գնացքը հեռանում է», և փորձում են «ցատկել վերջին վագոնի աստիճանին»։ Միաժամանակ, նրա խոսքով, եվրոպական հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել։




























