Armenian text to speach

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերը թուլացել են, բայց Փարիզում և Մարսելում բախումներ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ վեցերորդ շաբաթօրյա բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է. տեղի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 2,2 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 9,8 հազարի դիմաց, հայտնել է Le Figaro-ն՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ այդ պահի դրությամբ երկրում անցկացվել էր բողոքի 44 ակցիա, մինչդեռ նախորդ շաբաթ օրը դրանց թիվը 78 էր։ Նվազել է նաև ձերբակալությունների թիվը. յոթ՝ նախորդ շաբաթվա 24-ի դիմաց։ Նախարարությունում իրավիճակն ընդհանուր առմամբ բնութագրել են որպես հանգիստ՝ առանց էական միջադեպերի։

Փարիզում, ոստիկանության վարչության տվյալներով, Հանրապետության հրապարակից մինչև Ազգի հրապարակ արտոնված ցույցին մասնակցել է 21,5 հազար մարդ։ Չնայած նախորդ շաբաթ օրերի համեմատ բողոքի ցույցերի մասշտաբների նկատելի կրճատմանը՝ Ազգի հրապարակում դեռևս բազմաթիվ մասնակիցներ կային։ Մինչև երթի ավարտը իրավիճակը հիմնականում հանգիստ էր, սակայն ցուցարարներին ցրելու ընթացքում բախումներ են եղել. իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել, աղբամանը բռնկվել է։ Հրդեհն արագ մարվել է։

Մարսելում, որտեղ ոստիկանությունը հաշվել է 4,6 հազար մասնակից, իրավիճակը նույնպես սրվել է։ Ցուցարարների փոքր խմբերն ուժայինների ուղղությամբ առարկաներ են նետել, բարիկադներ կառուցել և աղբամաններ հրկիզել։ Կրակը տարածվել է երկու ավտոմեքենայի վրա, այդ թվում՝ այրվել է Tesla։ Հրշեջներն արագ մարել են հրդեհը։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ կարգուկանոնի պահպանման գործողությունները շարունակվել են։

Լիոնում արտոնված ցույց չի անցկացվել, սակայն մոբիլ փոքր խմբերը առճակատման մեջ են մտել իրավապահների հետ։ Իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես փակել Part-Dieu առևտրի կենտրոնը՝ խմբերից մեկի մոտենալու պատճառով։

Փարիզյան ակցիայի որոշ մասնակիցներ նաև նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված սպառնալիքներով պաստառներ են կրել, որոնք ակնարկում էին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Լյուդովիկոս XVI թագավորի մահապատիժը։

Բողոքի ցույցերի մասնակիցներն իրենց դժգոհությունը բացատրում են կյանքի թանկացմամբ, կրթության հասանելիության և աշխատանքի տեղավորման խնդիրներով։ Ընդ որում, նրանցից ոմանք ցուցարարների թվի նվազումը կապում են ակցիաներին մասնակցելու ֆինանսական ծախսերի հետ։




Մամուլի Տեսություն

Լրահոս