Armenian text to speach

Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և Նիկոլ Փաշինյանի դատական վեճը նոր, ուշագրավ զարգացում է ստացել։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հերթական դատական նիստը։

ArmLur.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը պատմեց, որ դատական գործընթացում առաջ է եկել մի իրավիճակ, որն, ըստ նրա, լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն իր գործի, այլև յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի և գաղտնի քվեարկության սկզբունքի վերաբերյալ։ Մասնավորապես, Հովսեփյանի փոխանցմամբ՝ ապացույցների բաշխման շրջանակներում ապացուցման բեռը դատավորի կողմից դրվալ է իր վրա։ Այսինքն՝ ինքն է պարտավոր հիմնավորել, որ ընտրել է ընդդիմությանը։

Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս պետք է քաղաքացին ապացուցի, թե փակ և գաղտնի քվեարկության պայմաններում ում է տվել իր ձայնը։ «Խնդիրն այն է, որ ինձ վրա է դրվել ապացուցման բեռը՝ ես պետք է ապացուցեմ, որ ընտրել եմ ընդդիմությանը։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա ապացուցել, երբ քվեարկությունը գաղտնի է»,- ArmLur.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրել է Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ պատրաստվում է դիմել նաև Ազգային արխիվ՝ համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու և իր դիրքորոշումը հիմնավորելու նպատակով։ Այդուհանդերձ, փակ քվեարկության պայմաններում չափազանց բարդ է ապացույց ներկայացնել, թե կոնկրետ ում է ընտրել քաղաքացին։ Հովսեփյանը նաև հայտնեց, որ դատարանին միջնորդել է հարցում ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզելու իր ընտրության հետ կապված հանգամանքները։

Ստացվում է․ մի կողմից՝ Սահմանադրությամբ երաշխավորված է ընտրության գաղտնիությունը, մյուս կողմից՝ դատական վեճի շրջանակում քաղաքացին կանգնում է իր քաղաքական ընտրությունը հիմնավորելու անհրաժեշտության առաջ։ Բայց արդյոք հնարավոր է դատարանի միջոցով պարզել, թե քաղաքացին փակ քվեարկության խցիկում ում է ընտրել։ Եվ եթե նման ապացույց ներկայացնել հնարավոր չէ, ո՞վ է կրելու դրա հետևանքները։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանի հայցի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունիսի 11-ի հայտարարությունն է, որով վերջինս պնդել էր, թե ընդդիմադիր ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 100 տոկոսով օրգանիկ ձայն։ Հովսեփյանը պնդում է, որ այդ հայտարարությամբ արատավորվել է նաև իր պատիվն ու արժանապատվությունը, քանի որ ինքը քվեարկել է ընդդիմության օգտին։ Նա դատարանից պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունները։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 14-ին և մակագրվել դատավոր Սարգիս Երիցյանին։

ArmLur.am-ը կհետևի դատական գործընթացի հետագա զարգացումներին։




Մամուլի Տեսություն

Լրահոս