Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց։ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել Գլխավոր դատախազության՝ Սանասարյանի արդարացման դատավճռի դեմ բերված բողոքը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը 2025 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն 2026 թվականի հուլիսին Սանասարյանը կրկին արդարացվել է։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան, որը բողոքը վարույթ չի ընդունել՝ վերջնականապես ամրագրելով Սանասարյանի անմեղությունը։
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները՝ մտերիմ հարաբերություններ ունենալով Սամվել Ադյանի հետ, որը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և մասնակցել գնումների ընթացակարգերի։ Սանասարյանը, ըստ մեղադրանքի, Ադյանին նշանակել է ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա նրա միջնորդությամբ նույն վարչությունում աշխատանքի ընդունել Գևորգ Խաչատրյանին։
Ըստ մեղադրանքի՝ Ադյանն ու Խաչատրյանը 2018-2019 թվականներին միջամտել են Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար բժշկական սարքավորումների գնման ընթացակարգերին՝ փոփոխելով տեխնիկական բնութագրերը՝ իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաղթանակն ապահովելու նպատակով։
Գործով մեղադրյալներ Ադյանը, Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի ղեկավար Տարոն Ավետիսյանը համաձայնել են իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Սա ոչ արդարացնող հիմք է։ Սանասարյանը մեղադրանքը չէր ընդունել՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։
«Սա Թորոսյան-Վանեցյան համագործակցության արդյունքում է տեղի ունեցել»,- հայտարարել էր Սանասարյանը։ Քրեական գործի հարուցման պահին Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետն էր, իսկ Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարը։ Սանասարյանը պնդել էր, որ ՊՎԾ-ն պատրաստվում էր ստուգումներ իրականացնել Առողջապահության նախարարությունում։
ԱԱԾ այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ցուցմունքներով և առերեսումներով՝ միաժամանակ ընդգծելով անմեղության կանխավարկածը։
Գործի քննությունը առաջին ատյանի դատարանում տևել է ավելի քան հինգուկես տարի։ Քրեական հետապնդում հարուցվելուց հետո Սանասարյանն ինքնակամ հրաժարական է տվել ՊՎԾ պետի պաշտոնից։
Երկու ամիս առաջ լրագրողի հարցին, թե արդյոք Սանասարյանը կվերականգնվի պաշտոնին, եթե արդարացվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ պետք է վերանայի նախկին հայտարարությունները՝ նշելով. «Սանասարյանի մասով կնայենք»։




























