Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայումն անընդունելի է Ռուսաստանի համար՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ռուսական կողմը նախազգուշացրել էր՝ եթե Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ուժեր տեղակայվեն, դրանք կդառնան օրինական թիրախ, ինչպես նաև կհանգեցնեն պատերազմի վերսկսմանը: «Ցավոք, թե՛ եվրոպական մայրաքաղաքներից, թե՛ Բրյուսելից բազմիցս հնչել են հայտարարություններ Ուկրաինայի տարածքում ռազմական ուժեր տեղակայելու ծրագրերի մասին»,- նշել է Պեսկովը։
Նա շեշտել է՝ Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն բան՝ Դաշնության առջև դրված նպատակներին հասնելու համար։ Խոսելով ռուս-ուկրաինական բանակցություններին Եվրոպայի ներգրավման մասին՝ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ներկայումս եվրոպական երկրների ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա:
Օրերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցային ձևաչափն ընդլայնվելու է, դրանում ներգրավվելու է նաև եվրոպական կողմը: Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:




























