Սունդուկյանի անվան թատրոնում «Ժողովուրդ»-ը հանդիպեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որը եկել էր իր դստեր` փոքրիկ Անգելինայի երգը լսելու: Թեեւ այնքան էլ հարմար վայր չէր հարցազրույցի համար, այնուամենայնիվ, համերգից հետո մի քանի հարցեր ուղղեցինք նրան:
-Պարո՛ն Գասպարյան, Ձեր գործունեության առաջին տպավորությունը, որ ստեղծվել է, այն է` Դուք հասցրեցիք այս տարում միայն կադրային փոփոխություններ անել եւ քաղաքական հաշվեհարդար տեսնել ԲՀԿ-ի հետ: Ինչո՞ւ:
-Դա Ձեր կարծիքն է, որ քաղաքական հաշվեհարդարներ եմ տեսնում եւ կադրային փոփոխություններ եմ անում, ես ուրիշ ձեւակերպում կտայի: Ես կադրային ճիշտ տեղաբաշխումներ եմ անում` ելնելով կոնկրետ օպերատիվ իրավիճակից, մարդու աշխատունակությունից, նրա աշխարհընկալումից, նրա վերափոխման, բարեփոխման ընկալումից եւ պատրաստակամությունից: Իհարկե, կադրային փոփոխությունները լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն են առաջացրել, եւ ինչ-որ տեղ կարծես շոուի է վերածվում: Ես նորմալ եմ համարում, քանի որ դուք պարտավոր չեք մեր մասնագիտությունն իմանալ կամ ընկալել, որ կադրերն են լուծում ամեն ինչ: Բնական է, եթե չլինեին այդ փոփոխությունները, մենք չէինք ունենա ո՛չ բացահայտումները, ո՛չ էլ ակտիվ էս պրոֆիլակտիկան, որը դրված է: Իսկ որ սկիզբը դրված է, Աստված է վկան, դա ոչ մեկ չի կարող ժխտել: Իհարկե, կատարյալ չէ, բայց գոհացուցիչ է: Ես, այո՛, գիտեմ, որ էդ ավտոտեսուչները կան, որոնք միկրոֆոնով «արա՛, հլը առաջ գնա» արտահայտությունն են անում, դուք էլ գիտեք, թե որտեղից է գալիս: Մենք էլ ձեր եղբայրներն ու քույրերն ենք, քեռիները, պապիները, հորեղբայրներն ենք, ձեր նմաններն ենք, ուղղակի համազգեստ ենք կրում եւ ուղղակի արժանի ենք ձեզ, եւ դուք արժանի եք մեզ: Բայց մենք փորձում ենք մեր արժեհամակարգը փոխել: Մենք ուզում ենք մեզ արժեւորել, մեր ինքնասիրությունը վերադարձնել, մեր համազգեստից տարածը վերցնել` դրանով արժեւորելով մեր քաղաքացուն, որպեսզի մեր քաղաքացին մեր մեջ տեսնի իրեն պահպանող հրեշտակ` բոլոր իմաստներով: Իսկ հանցագործը մեզանից պետք է մրսի, պետք է գլխապատառ փախչի մեզանից:
-Պարո՛ն Գասպարյան, այնուամենայնիվ, ՕԵԿ-ում չկա՞ն թմրամոլներ:
-Ի սեր Աստծո, ազատե՛ք ինձ նման բաներից: Ես չպիտի մտածեմ, թե մարդը որ կուսակցությունից ա, կամ աչքերն ինչ գույնի են: Մեծ հաշվով ես թքած ունեմ` ինչ կուսակցությունից են, ինչ կոստյում են հագնում եւ ինչ խավից են, որովհետեւ ես անձերի հետեւից չեմ գնում, ես գնում եմ երեւույթի հետեւից, իսկ էդ երեւույթն օրենքով արգելված է: Ես լավ գործ եմ անում, իսկ պեղումներով դուրս են գալիս հնչակ, դաշնակ… Ու չեմ ուզում դրա վրա սեւեռվել: Իսկ էդ թմրամոլների, հաշիշամոլների բացահայտումն ընդամենը մի միջոցառում էր, որը մեկ ամիս տեւեց. դա ծրագիր է, որը համընկավ իմ նշանակման ժամանակահատվածին: Հիմա արդեն հետախուզվողներին ենք հայտնաբերում: Դա մարտավարություն է: Ես էն տեսակից եմ, որ կարամ գիշերն էլ չքնեմ եւ մարդկանց իրանց ունեցածով բռնեմ: Ես ինչ-որ մեկի գրպանն ինչ-որ բան գցելով կամ նրա վրա զենք ու չգիտեմ ինչ դնելով բռնող, դատող չեմ: Ես ժամանակին դրա համար եմ դուրս եկել ոստիկանության համակարգից, դրա մասին բոլորը գիտեն: Իսկ ովքեր էլ խոսում են, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, որ իրենք կույս են, բայց իրենց պոռնկության մեջ են մեղադրում, սխալվում են: Դուք կույս երբեք չեք եղել, պարոնա՛յք պոռնիկներ, երբեք չեք էլ լինելու: Եւ մի՛ ասեք, որ ձեզ պարտադրում ենք:
-Ձեր նախորդը` Ալիկ Սարգսյանը, հայտարարում էր, որ ինքը հեղափոխությունը կխեղդի օրորոցում: Դուք, որ նոր իմիջով եք փորձում հանդես գալ, ի՞նչ եք անելու, առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բնականաբար, կհասունանան նաեւ նման զարգացումներ:
-Կարծում եմ, որ ընտրությունները կանցնեն նորմալ, եւ դրա համար պետք է մտածեն կուսակցություններն առաջին հերթին: Եւ եթե կուսակցություններն ուզում են արդարություն, բոլորն էլ իրենց չափի մեջ արդար պետք է լինեն: Մի բան հաստա՛տ իմացեք, որ ոստիկանությունը չի անելու էնպիսի մի բան, որը չբխի օրենքից: Ես առաջին իսկ օրվանից դրել եմ էդ սկզբունքը, որ մենք լիարժեք պետք է կրենք պատասխանատվություն եւ նույն կերպ լիարժեք պետք է իրացնենք մեր իրավունքները: Սիրելինե՛րս, տվել եք օրենք, բարի՛ եղեք ձեր իսկ տված օրենքին ենթարկվել: Իսկ ես էդ օրենքը կկատարեմ 100 տոկոսանոց: Ես արտադրում եմ արդարություն: Եւ էքստրեմալ իրավիճակներում շատ չոր եմ ու կտրուկ, որովհետեւ չեմ գտնում, որ պետք է սիրահետել այն ժամանակ, երբ երկրումդ ինչ-որ անհամաձայնություններ կան, որոնք կարող են վերաճել սկանդալների, վիրավորանքների: Երեբեք ոչ մեկի մտքով չի անցնի, որ ոստիկանությունը կարող է գնա պրովոկացիայի: Դա իմ ոճը չէ: Իմ ոճը չէ նաեւ էլեկտրականություն անջատելը, ես էլեկտրիկ չեմ: Իմ ոճը չէ ճանապարհները փակելը, ես չեմ փակում: Եթե ճանապարհները փակեմ, հաստա՛տ իմացեք, ես գիտեմ` ինչի եմ փակում եւ չեմ ասի, որ ես չեմ փակել: Ես կգտնեմ` ինչի համար եմ փակել, էդ միտքն էլ է իմ մոտ աշխատում:
-Պարո՛ն Գասպարյան, որպես ոստիկանապետ` կաշկանդվածություն ունե՞ք որոշակի պաշտոնյաների իրականացրած հանցագործություններ բացահայտելու առումով:
-Երեւի ամեն ինչում կարելի է ինձ մեղադրել, բայց ոչ դրանում: Ես կաշկանդվածություն ոչ թե չունեմ, չեմ էլ ունեցել երբեւիցե, որովհետեւ իմ տեսակը կաշկանդվողներից չէ, բացի այդ, կաշկանդման խնդիր դրված չէ:
-Սովորաբար ասում են` վերեւից չեն թողնում այսինչ գործը բացահայտել:
-Իմ վերեւում ՀՀ նախագահն է: Իսկ նա ոչ թե չի թողնում բացահայտել, այլ պարտադրում է դա անել: Էդ պարտադրանքն է, որ գիշեր ու ցերեկ աշխատում ենք: Իսկ եթե երբեւէ կտեսնեք, որ ես կաշկանդված եմ, ուրեմն իմ գնալու ժամանակն է:
-Ուզում եք ասել, որ զանգեր, խնդրանքներ չե՞ն լինում:
-Բնական է, որ կլինեն զանգեր, խնդրանքներ, եւ մենք ապրում ենք, մարդիկ ենք, բայց ասեմ, որպես կանոն, շատ հազվագդեպ են լինում խնդրանքներ:
-Ձեզ, Ձեր աշխատաոճը համեմատում են Վանո Սիրադեղյանի հետ:
-Ինձ ոչ մեկի հետ պետք չէ համեմատել: Ես ինքս եմ, որ կամ: Ես էն ժամանակ աշխատել եմ Վանո Սիրադեղյանի հետ, աշխատել եմ նույն ոճով, հիմա էլ եմ նույն ոճով աշխատում: Սա ոստիկանական ոճ է:
-Կին տեսուչներին վերադարձնելու ձգտումները եւս Վանոյին են հիշեցնում:
-Ես դրա մեջ արտառոց բան չեմ տեսնում, աշխարհում կին իրավապահներ շատ կան: Այնպես որ, ո՛չ զարմանալու էր այն ժամանակ, ո՛չ էլ հիմա: Մենք անչափահասների գծով կին ոստիկաններ ունենք, ինչո՞ւ դա զարմանք չի հարուցում: Առաջիկայում դուք փողոցներում տեսնելու եք կարմիր բերետներով կին ոստիկաններ: Նրանք ոստիկանի տեսակն են: Հայաստանում ոստիկանությունն ամեն ինչ անում է մեր ուժերով, մեզանով:
-Դուք հայտարարեցիք, որ եղել են արտոնյալ հետախուզվողներ, որոնցից մեկին վերջերս ձերբակալեցիք (Ստեփան Հակոբյանին): Ինչո՞ւ դրան չհետեւեցին ոստիկանների պատիժներ. չէ՞ որ նրանց պատճառով էր, որ արտոնյալ հետախուզվողներ կային:
-Դուք լրագրողի նման հարց տվեցիք. հենց մի բան լինում է` արագ գրենք, հետո տեսնենք` ինչ կլինի: Ի տարբերություն ձեզ` ոստիկանը պետք է հիմնավորի իր կասկածները: Ասեմ, որ գործի քննության ընթացքի հետ նաեւ ծառայողական քննություն է ընթանում: Սպասենք մինչեւ ավարտվի, նոր որոշում կկայացնենք: Իսկ որ որոշումը խիստ է լինելու, դրանում կարող եք չկասկածել: Ոչ մի ընտանիքի հայր չի ցանկանա, որ իր տանը վատ բաներ տեղի ունենան: Ոստիկանությունն իմ տունն է, իմ ընտանիքը, եւ ես չեմ ուզում, որ այնտեղ վատ բաներ լինեն: Ես կարող եմ ներել, ես կարող եմ հանդուրժել, ես կարող եմ մի քանի անգամ ներել, բայց անընդհատ չեմ ներելու, անընդհատ չեմ հանդուրժելու: Ես ներում եմ ինձ վարկաբեկողներին, վիրավորողներին, նույնիսկ թշնամի համարողներին, բայց չեմ հանդուրժի սրիկայությունը: Կարող եմ սրիկային ներել, բայց չհանդուրժել: Ես գտնում եմ, որ սա ճիշտ իմ մասնագիտությունն է, ես ներողամիտ եմ, բայց լկտիությունն ու անօրինականությունը չեմ հանդուրժի եւ այդ ճանապարհին իմ վրա ներգործության որեւէ բան չեմ զգացել:
-Եթե այսպես շարունակվի, ըստ որոշ կանխատեսումների` Ձեզ կազատեն համակարգից, քանի որ չենթարկվող մարդը վտանգավոր է:
-Ես սեփական փառք ման չեմ գալիս, ես ապրում եմ տիրոջ ու իմ հավատով: Եւ պատրաստ եմ քարկոծվել, ընկնել, նորից գնալ, քանզի ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում: Իմ գործունեության մեջ Աստված թող արդարությամբ դատի, իսկ փնովողներին թող գթա ու ների, քանզի մոլորյալներ են:
ՈՉ ՄԻ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ