ԱՄԱՆՈՐԸ ԿՆՇԵՆ ՀԱՅԱՎԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր տարին այլեւս սարերի հետեւում չէ. ողջ հայությունն արդեն սկսել է կատարել իր նախատոնական գնումները: Իսկ թե որքան գումար են նախատեսել տոնական սեղանի ծախսերի համար հայրենի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց իրենցից:

ՀԱՐՑ. Որքա՞ն գումար եք նախատեսել ամանորյա սեղանի եւ ընդհանրապես տոներն անցկացնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նոր տարվա համար բոլորս էլ ծախսեր անում ենք: Թե ինչքան ծախս եմ անում, ես չեմ կարող ասել, բայց բոլորս ձգտում ենք, որ մեր սեղանները ճոխ լինեն` ամեն ինչ լինի մեր սեղաններին: Յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է դրան. մենք էլ ենք հայ, մենք էլ ենք ձգտում դրան: Էնպես որ, ես ինչ-որ առանձնահատուկ մոտեցում չունեմ դրան:

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար


ՊԱՏԱՍԽԱՆ. Կանացի հարցեր են դրանք, ես տան տղամարդն եմ, պապիկն եմ, տեղյակ չեմ ծախսերից:

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես «Փարվանա»-ում եմ Ամանորը նշում, ծախսերից տեղյակ չեմ: Ինձ «Փարվանա»-ում պատիվ են տալու:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱԺ անկախ պատգամավոր, «Նիգ-Ապարան» ՀՄ նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Շա՜տ-շա՜տ, ամբողջ Սյունիքի համար շա՜տ: Իմ ընտանիքը Սյունիքն ա: Ես ոչ մի անգամ չեմ մտածում` Նոր տարվան երկրից դուրս գամ, եւ ընդհանրապես, Նոր տարին ամեն մարդ պիտի իր օջախում անի:

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչո՞ւ այս տարի, միգուցե հարցնեք տասը տարի առաջ կամ տասը տարի հետո. սովորական, ինչպես տասը տարի առաջ: Դա մենք չենք հաշվում. ես ինքս չեմ հաշվում. այնքան, ինչքան հարկավոր ա նորմալ հայկական սեղանին ինչ-որ բան դնելու համար:

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչքան անցած տարի եւ ինչքան նախանցած տարի: Հիմնական ծախսը գնում է, ավանդույթի համաձայն ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների նվերների եւ, իհարկե, տոնական սեղանի վրա: Ավելի համեստ, ավելի պրակտիկ, ավելի հայկական: Էնպես պատահական թիվ չեմ ուզում ասել, որովհետեւ դեռ իրոք չեմ ամփոփել, երեւի 300-400 հազար դրամի սահմաններում: Նոր տարին Հայաստանում եմ նշում, ինչպես միշտ, մեկ-երկու օրով էլ մեկնում եմ Արցախ, բարեկամների եւ հարազատների հետ նշում:    

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս