Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Մերձբալթյան երեք երկրներ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի`Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած վետերանները այսուհետև մինչև կյանքի վերջը նյութական ապահովություն կստանան Ռուսաստանից: Փաստաթուղթը նախատեսում է 500 և 1000 ռուբլու չափով ամենամսյա վճարումներ:
Այստեղ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն մեր վետերանները Պուտինի կողմից նման պատվի չեն արժանացել:
Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե Հայաստանի իշխանությունը պետք է մտածի մեր վետերանների մասին, այլ ոչ թե այլ երկրները:
«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վետերանների սոցիալական ապահովության խնդիրը պետք է լուծի Հայաստանի Հանրապետությունը: Որևէ երկրի որոշում, կարծում եմ, կարևոր չէ, թե որ երկրի նախագահը որ երկրների վետերանների վերաբերյալ ինչ որոշում է կայացրել: Այ մեր վետերանները` հայրենական պատերազմի մեր մասնակիցները, Արցախյան ազատամարտի մեր մասնակիցները պետք է բավարար սոցիալական պայմաններում ապրեին, և այդ խնդիրը պետք է հոգա Հայաստանի Հանրապետությունը, նրա նախագահը, նրա վարչապետը, նրա Ազգային Ժողովը», – հայտարարեց նա: