ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենք ժողովրդավարության կողմնակից են ու դրական են վերաբերում քաղաքացիների օրինական պայքարի մեթոդներին:
-Պարո՛ն Շարմազանով, այս օրերին բոլորի քննարկման թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցն է: Խնդրում եմ նշել, թե այդ այցը երկրում ինչ է փոխելու: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Վլ. Պուտինից:
-Նախ՝ պետք է նշեմ, որ միշտ էլ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ու ՀՀ-ի նախագահների հանդիպումները լի են ակնկալիքներով: Կարծում եմ, որ այս տարիները ցույց են տվել, որ հայ-ռուսական հարաբերությունները միայն ունեն զարգացման միտումներ, ու այս այցը եւս մեծ խթան կհանդիսանա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
-Բայց ՀՀ քաղաքացու կյանքում ի՞նչ է փոխվելու այս այցից, կա՞ կոնկրետ ոլորտ, որտեղ կերեւա ակնհայտ փոփոխություն:
-Հասարակ քաղաքացու կյանքում ի՞նչ պետք է փոխվի, գլխավոր խնդիրն այն է, որ գալիս է ամենամեծ, թիվ մեկ դաշնակից երկրի նախագահը, եւ երկրորդը՝ հայ-ռուսական դաշնակցությունը դրվում է էլ ավելի բարձր մակարդակի վրա: Այստեղ կա անվտանգության խնդիր, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, Մաքսային միության անդամակցմանը էլ ավելի լայն թափ հաղորդելը, որը տնտեսական շահ է բերելու մեր պետությանը, հումանիտար հարաբերությունների զարգացում, ու կարծում եմ, որ այս այցը եւս մեկ անգամ խթան կհանդիսանա մեր հետագա փոխհարաբերությունների զարգացման համար: Ես այդքան էլ համամիտ չեմ Ձեր հարցին, թե սովորական քաղաքացու կյանքում ինչ պետք է փոխվի… որովհետեւ հարաբերությունների արդյունքները միանգամից չեն երեւում: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար շատ էական է թե՛ մեր երկրի տնտեսության շահը, թե՛ անվտանգության շահը: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կա լուրջ անվտանգության խնդիր, մենք ունենք երկու հարեւան պետություն՝ Ադրբեջան եւ Թուրքիա, որոնք, մեղմ ասած, բարյացակամ չեն վերաբերում մեր հանրությանը, մեր պետությանը, եւ այս առումով անվտանգության երաշխիքը հենց բխում է մեր երկրի շահերից, մեր յուրաքանչյուր քաղաքացու շահերից: ՄՄ-ին անդամակցելը, մենք կարծում ենք, հավելյալ տնտեսական շահ կբերի մեր պետությանը, որովհետեւ դա լուրջ տնտեսական հնարավորություններ է տալու մեր արտադրողներին:
-Այսինքն՝ միայն լուրջ փոփոխություններ են լինելու երկրի…
-Լուրջ փոփոխություններ, էական զարգացում լինում է ՀՀ իշխանությունների եւ նախագահի վարած քաղաքականության արդյունքում: Ու մեր կառավարման ընթացքում մենք զարգացրել ենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք բխում են մեր պետության շահերից: Իսկ երբ մենք ասում ենք պետություն, մենք նկատի ունենք պետություն-հասարակություն փոխհարաբերությունը: Յուրաքանչյուր այցելություն, բնականաբար, ունի իր նպատակը, բայց մեր հարաբերությունների հիմնական բաղադրիչը ռազմավարական հարաբերություններն են, դա քաղաքական երկխոսությունն է, դա տնտեսական խորը հարաբերություններն են եւ հումանիտար ու մշակութային հարաբերությունների զարգացումը:
-Այդուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ Վլ. Պուտինը տեւական ձգձգումներից հետո ի վերջո նախ այցելեց Բաքու, ապա նոր միայն որոշեց գալ Երեւան, տեսակետ կա, որ այս այցն ուշացած է: Որպես ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցություն ունեցող երկրի ԱԺ փոխխոսնակ՝ վիրավորական չե՞ք համարում այդ հանգամանքը:
-Ես ուշադրություն չեմ դարձնում այդ մեկնաբանություններին, թե առաջինը գնաց Ադրբեջան, հետո նոր… յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում իր քաղաքականությունը, եւ պետք չէ հայ-ռուսական հարաբերությունները, հայ-ամերիկյան հարաբերությունները կապել մեկ այլ ուրիշ հարաբերությունների հետ: Ու լուրջ չեմ համարում այդ տեսակետները, թե ուշացած էր, ուշացած չէր: Իսկ ի՞նչ է նշանակում ուշացած էր: Ո՞վ է այդ ժամկետները որոշում:
-Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ՝ նախատեսվում են լուրջ բողոքի ակցիաներ: Մտավախություն չունե՞ք, որ այդ ամենը կարող է վատ անդրադարձ ունենալ, եւ, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում, տհաճ նստվածք թողնել:
-Ես բազմաթիվ անգամներ կրկնել եմ, որ ես՝ որպես ժողովրդավարություն դավանող անձնավորություն, դրական եմ գնահատում քաղաքացիների օրինական պայքարի մեթոդները՝ անկախ նրանից՝ ես իրենց հետ համամիտ եմ, թե ոչ: Ժողովրդավարությունը բազմակարծություն է, ու մեզ համար ընդունելի են քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների պայքարի, բողոքի, բազմակարծության օրինական մեթոդները: Եթե այդ ակցիաներն օրինականության սահմաններում են, դրանք բնական եմ համարում:
-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ առաջնորդն ուժային մարմինների հետ ներքին խորհրդակցություն է հրավիրել ու կոնկրետ ԱԱԾ-ին հրահանգել, որ Պուտինի այցի օրն առանձնահատուկ զգոնություն դրսեւորեն, քանի որ, հնարավոր է, բողոքի ակցիաների մասնակից ակտիվիստները…
-Ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու մամուլային փաստերը չեմ մեկնաբանում: Կարծում եմ՝ նման պնդումները ծիծաղելի են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ