Ֆրանսիան ջանքեր է գործադրում հակամարտության փուլային լուծման ուղղությամբ. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այսօր՝ մայիսի 12-ին Երևան է ժամանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մինչ այդ այցելել է Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլանդը հայտարարել է, որ Եվրոպան, այդ թվում՝ նաև Ֆրանսիան, բարձր են գնահատում տարածքային ամբողջականության սկզբունքը:

Այս մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք աշխատում ենք լուծել առկա հակամարտությանները բանակցությունների միջոցով: Դա միաժամանակ Կովկաս կատարած մեր այցի գլխավոր նպատակն է», – ասել է նա:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նույն օրը երեկոյան կգտնվի Հայաստանում:

«Ինչո՞ւ, որովհետև այսօր արդեն 20 տարի է, ինչ ստորագրվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Այս ընթացքում այդպես էլ չի հաջողվել մեծ առաջնթաց ձեռքբերել: Ֆրանսիայի, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամների վրա նույնպես մեծ պատասխանատվություն է դրված: Մենք մեր կողմից ևս պետք է որոշակի ջանքեր գործադրենք վստահության վերականգնման, հակամարտության լուծման համար», – ասել է Օլանդը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ջանքեր է գործադրում հակամարտության փուլային լուծման ուղղությամբ:




Լրահոս