Ֆրանսուա Օլանդը շրջանցեց ակտիվիստների կոչը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելել է  Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակ, որը հանդիսավորությամբ անվանակոչվել է  Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով: Մինչ միջոցառումը, սակայն, մի խումբ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում ոստիկանությունը  բերման է ենթարկել 7 ակտիվիստի: Հիշեցնենք, որ խոսքը պուրակի այն հատվածի մասին է, որը երկու տարի առաջ մի խումբ ակտիվիստների տևական պայքարի արդյունքում  չվերածվեց  «դախլանոցների» եւ այսօր դարձել է երևանցիների սիրված  հանգստի վայրերից մեկը: Ինչ խոսք, մոռանալ կամ թերագնահատել ակտիվիստների  90- օրյա պայքարը չարժե, սակայն այն, ինչ երեկ կատարվեց, մեղմ ասած, տեղին չէր:

Բանն այն է, որ մի խումբ ակտվիստներ դեռևս նախօրեին  բաց նամակով դիմել էին Ֆ. Օլանդին` կոչ անելով  չմասնակցել «Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը» և շեշտելով, որ «Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները»: Ակտիվիստների կարծիքով` իշխանություններն այդպիսով փորձում են հանրային գիտակցությունից հանել «Մաշտոցի պուրակ» հասկացությունը, որը խորհրդանշում էր քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը սեփական իրավունքների համար:

Մի կողմ թողնելով այն անհեթեթ ձևակերպումը, որ  մեծ հայորդու` Մ. Մանուշյանի անվամբ պուրակը կոչելը կարելի է համարել «պուրակի նշանակությունը խեղող միջոցառում», փորձենք հասկանալ, թե որքանով են քաղաքացիական հասարակության այս ներկայացուցիչներն իրենց պահվածքով նպաստում ազատության և համերաշխության գաղափարների արժևորմանը: Արդյոք տեղին-անտեղին ակցիաներ, պիկետներ և այլ միջոցառումներ կազմակերպելով նրանք հենց ինքներն այնպես չեն անում, որ հասարակության մի ստվար զանգվածի մոտ հակակրանք առաջանա  իրական քաղաքացիական ակտիվության և պայքարող հատվածի հանդեպ:

Հասկանալի է, որ արևմտյան տարբեր աղբյուրներից սնուցվող այս գրանտակերներն իրենց դոնորների առջև հաշվետու լինելու խնդիր ունեն, բայց անթույլատրելի է, երբ դա վերածվում է  բացահայտ խեղկատակության: Է՛լ ավելի անընդունելի է, երբ քաղաքացիական պայքարը փորձ է արվում տեղափոխել քաղաքական դաշտ`  դրա համար փորձելով օգտագործել օտար երկրի նախագահի անունը:

Մաշտոցի  պուրակը Մ. Մանուշյանի անունով կոչելը որևէ չափով չի արժեզրկում պուրակի համար ակտիվիստների պայքարը: Իսկ եթե  նրանք չեն ցանկանում, որ «Մաշտոցի պուրակ» հասկացությունը հանրային գիտակցությունից  հանվի, ապա դրա լավագույն ձևը նույնքան հետևողական պայքարն է մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ պուրակների կառուցապատման դեմ:




Լրահոս