ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններն իրենց ունեցվածքով և հարստությամբ հետ չեն մնում ՀՀ նախարարներից կամ պատգամավորներից: Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրանց հայտարարագրերը: Armlur.am-ը կներկայացնի մի քանի դեսպանների կուտակած դրամական միջոցները:
Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, ով նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է, մեկ տարվա ընթացքում վաստակել է 208.339.826 դրամ: Դրանք գոյացել են աշխատավարձից, որը կազմել է 3.212 եվրո, 207 մլն դրամ արժողությամբ շահաբաժնից, և ստացված փոխառություններից, որոնք կազմել են 2.493 եվրո 1.339.826 դրամ:
Դեսպանի դրամական միջոցները, սակայն, տարվա ընթացքում նվազել են: Տարվա սկզբում նա ունեցել է 400 մլն դրամ, որը տարվա վերջում նվազել է` դառնալով 385 մլն դրամ: Նրա` եվրոյի և դոլարի արժույթով միջոցները նույնպես նվազել են: Տարվա սկզբում ունեցած 268 հազար եվրոն նվազել է` դառնալով 248 հազար եվրո, իսկ 1.304.000 դոլարն էլ դարձել է 1.221.000 դոլար:
2013թ. Միքայել Մինասյանը ձեռք է բերել LEXUS LS 460L մակնիշի մեքենա, որի արժեքը կազմում է 32 մլն դրամ և MINI COOPER S ALL 41.6 մակնիշի մեքենա` 31.149 եվրո արժողությամբ:
Ի տարբերություն նախագահի փեսայի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի ունեցվածի և գույքի հայտարարագիրն առատ չէ տվյալներով: Հիշեցնենք, որ Թ. Մարգարյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է:
Ըստ հայտարարագրի, Մարգարյանը չունի որևէ շարժական և անշարժ գույք, իսկ դրամական միջոցներն ու մեկ տարվա եկամուտն էլ մեծ չեն:
Թաթուլ Մարգարյանը հարկային տարվա սկզբում և վերջում ունեցել է 45.000 դոլար: Իսկ նրա ամբողջ տարվա եկամուտն էլ գոյացել է աշխատավարձից, որն էլ կազմում է 54.396 դոլար: