Կառավարությունը ցանկանում է ջախջախել Տիգրան Սարգսյանի ազդեցությունը. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում  խոշոր հարկատուների նկատմամբ պարտադիր աուդիտը հանելու օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանությանը կոչ արեց խաղալ բաց քարտերով:

Իր ելույթի սկզբում նա դժգոհությունը հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ արտահերթ նիստում անավարտ մնացած հարցը տեղափոխվել է հերթական նիստ, և ինքը տեղյակ չի եղել։ Զուրաբյանի խոսքով`  աուդիտի նշանակությունը մեր երկրի համար հսկայական է, քանի որ միջազգային փորձը հուշում է, որ այն երկրներն են զարգանում, որտեղ ձեռնարկությունների հսկողությունը գտնվում է հանրային վերահսկողության ներքո։

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ-ում կորպորատիվ իրավունքը լիարժեք չի գործում. չունենք ձևավորված ինստիտուտներ և ընկերություններ:

«Ուստի՝ ՀՀ պայմաններում կարևոր նշանակություն է ստանում պարտադիր աուդիտը, որը ստեղծում էր որոշակի հիմքեր այդ բիզնեսները հանրային վերահսկողության տակ պահելու համար: Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ ՀՀ-ում ամեն ինչ աղճատվում է, և Տիգրան Սարգսյանի կողմից առաջ քաշված այդ օրենքն առաջին հերթին շուկա բացեց նրա հետ կապված ֆինանսիստների համար։ Սակայն մենաշնորհը զգալի չէր և թույլ տվեց զարգանալ նաև այլ ընկերությունների»,- ընդգծեց  Լ. Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պարտադիր աուդիտի պահանջը հանելու այս նախաձեռնությամբ ցանկանում է հասնել երեք նպատակրի։

«Առաջին նպատակն է՝ մեծահարուստներին ազատել ավելորդ բեռից։ Երկրորդ նպատակը՝ ջախջախել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը ֆինանսական աշխարհում», – նշեց խմբակցության ղեկավարը, հավելելով, թե երրորդ նպատակով կառավարությունը ցանկանում է  նախապատրաստել աուդիտի կլանումը ֆինանսների նախարարության կողմից։ 




Լրահոս