ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի եւ համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին»:

Վահան Բաբայան Facebook

ԲՀԿ-ական պատգամավորներին որ լսենք, ուրեմն իրենցից ոչ ոք Գալուստ Սահակյանի օգտին չի քվեարկել, այսինքն` այդ մեծ խմբակցությամբ փորձում են ամեն կերպ տեղավորվել Բագրատյանի օգտին քվեարկած երեքի մեջ, այն դեպքում, երբ այդ երեքը մեզ հայտնի են: Այստեղից արդեն ստիպված հանգում ենք այն պարզ հետեւության, որ ԲՀԿ-ական պատգամավորները ստում են: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նման դեպքերում լուսանկարում է իր քվեաթերթիկը, ինչն արդեն դեմ քվեարկելու ապացույց է: Հետաքրքիր է` ինչն էր խանգարում Վահան Բաբայանին լուսանկարել իր քվեաթերթիկը: Կարո՞ղ է` իր խիղճը:

 

«Չգիտեմ: Ես վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանը կյանքում սուտ չի խոսում, բայց եթե նման բան ասած լինի, դուրս ա գալիս, որ սուտ ա խոսել»:

 

Վարդան Այվազյան Yerkir.am

Այ այստեղ, կարելի է ասել, ՀՀԿ-ական պատգամավորն իսկապես կրակն ընկավ, քանի որ անզգուշությամբ ստախոսության մեջ մեղադրեց երկրի վարչապետին, ում նշանակել է իր իսկ կուսակցության նախագահը: Անզգուշությո՞ւն էր սա, թե՞ խուճապից առաջացած համարձակություն՝ դժվար է ասել: Բայց խուճապի մատնվելու առիթ Այվազյանն ունի, քանի որ, ըստ Փաշինյանի, ինքը՝ վարչապետն է ասել, որ Այվազյանը ձկնաբուծության ոլորտում բիզնես շահեր ունի, այն դեպքում, երբ Այվազյանը դա հերքում է: Բայց Հ. Աբրահամյանը դժվար թե նման հարցում ստեր, եւ հաստատ չի թողնելու, որ Վ. Այվազյանը կասկածի իր խոսքին: Իսկ կասկածողներին ՀՀԿ-ում ուրիշ ձեւ են «պատժում»:

 

«Երեկ ու այսօրն անցավ աննկատ ու լուռ, մինչդեռ իմ կեանքի բացառիկ ծանր օրերից մէկն էր ապրիլի 29-ը: Ուղիղ 40 տարի առաջ այդ օրը ինձ արդէն 4 տարի «կագէբէ»-ի բանտերում եւ գուլագեան կալանավայրերում անցկացրած…»:

Պարույր Հայրիկյան Facebook

Աշխարհն՝ աշխարհով, իսկ ԱԻՄ առաջնորդն՝ իր Խթը-ով: Կարծես թե այս մարդուն ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Ով ինչի մասին խոսի, որտեղ ինչ կատարվի միեւնույն է՝ Հայրիկյանը դա կապելու է Խթը-ի հետ: Հետաքրքիր է, իսկ վերոհիշյալ կառույցում գոնե գիտե՞ն, որ Պարույր Հայրիկյանի նման անձնավորություն կա, ով զօր ու գիշեր իրենց մասին է մտածում: Եթե իմանային, միգուցե իրենց շատ շոյված կզգային: Համենայնդեպս դժվար է հավատալ, թե նման կառույցը տարիներ շարունակ հետապնդում է մի քանի հոգանոց հանրահավաքներ անող գործչին եւ ոչ մի կերպ չի կարողանում նրա հարցերը լուծել:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս