Ապրիլի 10-ին Ադրբեջանից վերադարձված հայ գերի Արսեն Խոջոյանը դեռևս վերջնականապես չի կազդուրվել:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ում փոխանցմամբ` որդին բուժզննում է անցել, և պարզվել է, որ նա առայժմ պետք է շարունակի բժիշկների հսկողության տակ լինել:
«Բժիշկներն ասել են` վիճակը բավարար է: Բայց դեռ պիտի բուժվի: Հիմա թույլ ա, ախորժակը բացվել ա, բայց դեռ չի կարողանում շատ շարժվի, աշխատի»,- տեղեկացրեց հայրենադարձված գերու մայրը` միաժամանակ նշելով, որ եթե նշանակված դեղորայքը չօգնի, Խոջոյանը անպայման Երևանում բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում:
Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ վերջերս ադրբեջանական գերությունից ազատված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մահացել է:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի քան մեկ շաբաթ Մամիկոն Խոջոյանը գիտակցության չի եկել:
«Ո՛չ հաց է կերել, ո՛չ մարդ է ճանաչել, մի շաբաթ անգիտակից վիճակում է եղել»,- հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը:
Տեղեկացնենք, որ քիչ հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես կներկայացնի հայրենադարձված գերու դիահերձման արդյունքների պատասխանը:
Լուսանկարը` ԳԱԼԱ-ի:
Տաթև Հարությունյան