Գործարարների շնորհիվ է, որ աշխատավարձ եք ստանում. վարչապետը` պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ Կառավարության անդամներին արգելված է զբաղվել գործարարությամբ, սակայն Աբրահամյանի ունեցվածքը կազմում է 5.5 մլն դոլար, իր կառավարության անդամներից մեկի՝ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը՝ 6.5 մլն դոլար:

Նա նաև հիշեցրերց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այն Կառավարությունը, որը չի ապահովի 7 % տնտեսական աճ, պետք է հրաժարական տա : «Հիմա սա ձեր կառավարության ծրագի՞րն ա, թե՞ Ձեր հրաժարականի դիմումը»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ընդհանրապես, որոշ մարդկանց մոտ ավանդույթ է ստեղծվել՝ գործարարներին դարձնել «բոբոներ»: Գործարարների շնորհիվ  է, որ դուք այստեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում: Ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ գործարարներին վերաբերվեն հարգանքով,- նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով:-Ինչ վերաբերում է իմ ունեցվածքի հետ կապված, ես երբեք չեմ թաքցրել իմ ունեցվածքը: Ես հողագործությամբ եմ զբաղվել, երբ դա թույլատրվել է, և ունեցվածքս չեմ կուտակել Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ»:

 Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե ինքը ոչ թե խոսում է գործարարների մասին, այլ՝ Կառավարության անդամների մասին, որոնք իրավունք չունեն զբաղվել գործարարությամբ: Իսկ Աբրահամյանի՝ իր խոսքով ասած՝ «աշխատանքով» կուտակած հարստության մասին ասվածին հակադարձեց. «Ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում, տոկոսի տակ է ընկնում, Դուք հող չեք մշակում, միլիոններ եք ստանում»:

Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց. «Դուք պատկերացում էլ չունեք, թե ինչ է գործարարությունը: Դուք չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Ձեզ հող էլ տան, չեք կարող մշակել»: Բանավեճն ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, թե շատ ժամանակ տրամադրեցին Փաշինյանին:

«Պարո՛ն Փաշինյան, կարելի է խոսել, բայց՝ ոչ չարություն անել»,- նշեց նա:




Լրահոս