Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խոսեց կառավարության ծրագրի մասին և առանձնացրեց մի քանի խնդիրներ, որոնք այժմ առկա են: Նա ընդգծեց հատկապես հինգ տոկոս տնտեսական աճի հարցը:
«Վարչապետն ասաց, որ հասարակության մի մասն իր վրա չի զգալու այդ աճի արդյունքները, բացի մի շարք կարևոր մոտեցումներից ու սոցիալական ծրագրերի գործարկումից: Ինչպե՞ս է ապահովվելու այդ հինգ տոկոս աճը, եթե նախորդ կառավարության ցավալի փորձը ցույց է տվել, որ յոթ տոկոս խոստացված աճի փոխարեն արձանագրվեց ընդամենը երեք տոկոս տնտեսական աճ: Ուրեմն որո՞նք են հիմքերը, որ կունենանք հինգ տոկոս տնտեսական աճ»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Մհեր Շահգելդյանի խոսքով` խնդրահարույց են նաև նվազագույն աշխատավարձի և աղքատության նվազման տոկոսներին առնչվող հարցերը` արդյո՞ք իրատեսական է աղքատության նվազումը տասը տոկոսով:
«Աշխատատեղերի ապահովման հարցը կապված է աշխատուժի վերապատրաստման հետ, սակայն ծրագրում չկա դրա վերաբերյալ առաջարկ կամ մեխանիզմ»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը: