Ոստիկանությունը ավելի քան 100 մարդ է ձերբակալել չորեքշաբթի բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվել է Չիկագոյի արվարձանում գտնվող արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանցի կենտրոնակայանի մոտ:
Օուք-Բրուքում անցկացված հանրահավաքին մասնակցել է 2 հազար մարդ: Բողոքի մասնակիցները պահանջում էին գրեթե կրկնակի՝ մինչև ժամում 15 դոլար բարձրացնել իրենց մինիմալ աշխատավարձը, ինչպես նաև իրենց արհմիություն ստեղծելու իրավունք տալ: Իրավապահ մարմինները հորդորել են հավաքվածներին ցրվել, նրանց, ովքեր դիմադրել են, ոստիկանությունը ձերբակալել է:
Մայիսի 22-ին Օուք-Բրուքում կանցկացվի McDonald’s-ի բաժնետերերի ամենամյա ժողով, որին, մասնավորապես, քննարկվելու է ընկերության ղեկավարոթյան, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Դոն Թոմփսոնի, աշխատավարձերի հարցը:
Հայտնի է, որ 2013թ.-ին Թոմփսոնը 9,5 մլն դոլար է ստացել: Մինիմալ աշխատավարձն ԱՄՆ-ում կազմում է ժամում 7,25 դոլար: Այս մակարդակին այն պահպանվում է 2009թ.-ից: Մինչդեռ փորձագետների հաշվարկներով, որպեսզի 4 հոգուց բաղկացած ընտանիքն ապրի աղքատության մակարդակից բարձր պայմաններում, աշխատավարձը պետք է կազմի ժամում 11 դոլարից ոչ պակաս, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: