ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանն օրերս կառավարության շենքի առջեւ «բոմժ» էր ասել մի քաղաքացու:
-Պարո՛ն նախարար, ինչո՞ւ եք վիրավորել քաղաքացուն, որը, իր սոցիալական վատ վիճակից ելնելով, մոտեցել էր Ձեզ:
-Ես ցավում եմ, որ այն տեսանյութը, որը պտտվում էր համացանցում, իրականությունն ամբողջությամբ չի արտացոլում: Իրականում միջին տարիքի այդ մարդը մոտեցավ ինձ, պահանջեց իրեն ուղարկել բոմժանոց: Ես ասացի` եթե դու բոմժ ես, ես կուղարկեմ քեզ բոմժանոց, բայց դա չի կարող լինել քեզ համար մշտական բնակության վայր, քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող Անօթեւանների ժամանակավոր կացարանում 60 օր մնալուց հետո մարդիկ պետք է հեռանան: Այդ քաղաքացին նաեւ պահանջում էր, որ իրեն գոնե ծերանոց տեղավորեմ, որ մշտապես մնա գոնե այնտեղ: Բայց ծերանոցում տարիքային շեմ կա, միայն կենսաթոշակային տարին լրացած քաղաքացին կարող է ծերանոցում բնակվել: Իսկ ինքը երիտասարդ է, չենք կարող նրան ծերանոց ընդունել:
-Ամեն դեպքում փաստ է, որ ՀՀ քաղաքացին մոտեցել է Ձեզ, եւ Դուք վիրավորել եք նրան:
-Ես չեմ վիրավորել: Ես Ձեզ բացատրեցի իրավիճակը, Դուք տեսել եք մեր զրույցի մի հատվածը միայն: Ու դա բազում փաստաթղթերով մշտապես իրեն բացատրվել է: Եթե մարդը չի հասկանում եւ փորձում է շոու սարքել, ի՞նչ ասեմ: Իր խնդիրն է: Ես իմ լիազորությունների շրջանակներում եմ գործում: Ես նրան չեմ կարող տեղավորել Անօթեւանների ժամանակավոր կացարանում:
-Ամեն հինգշաբթի ոտքով կառավարության շենք մտնելիս տարբեր խնդիրների համար այնտեղ հավաքված քաղաքացիներին տեսնելիս ի՞նչ զգացողություն եք ապրում:
-Ինչպես յուրաքանչյուր բանական քաղաքացի, ես շատ վատ եմ զգում, որ մեր երկրում կան դժգոհողներ, սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդիկ: Տխուր է, որ տեսնում ես` մարդիկ իրենց խնդիրները փորձում են փողոցում հավաքվելով լուծել: Դա բոլորիս ցավն է, ու մենք պետք է ամեն ինչ անենք` այդ իրավիճակը շտկելու համար:
-Դուք ներկայացնում եք Հայաստանի թերեւս ամենահարուստ կուսակցություններից մեկը, սակայն ղեկավարում եք «աղքատների նախարարությունը»: Այսօրվա իրավիճակում արժե՞ ղեկավարել սոցիալական հարցերի նախարարությունը: Ի վերջո, ոլորտում գովազդ անելը գրեթե անհնար է, իսկ առջեւում խորհրդարանական ընտրություններն են, ու ընտրարշավի խնդիր կա դրված: Հնարավո՞ր է` հրաժարական տաք:
-Ես նախարար եմ նշանակվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահի հրամանագրով: Եւ եթե հիմա իմ կուսակցության նախագահը կամ ՀՀ նախագահը գտնեն, որ վատ եմ աշխատում, խնդիր չկա, դուրս կգամ: Ես աթոռից կառչած չեմ: Բայց չեմ կարծում, որ իմ հրաժարականով երկրում առկա խնդիրները կլուծվեն: Եթե այդպես լիներ, վաղուց դիմումս գրած կլինեի:
-Չե՞ք կարծում, որ Ձեր շուրջ բարձրացված աղմուկը կարող էր ուղղորդված լինել:
-Ոչինչ չի բացառվում, բայց ես առանձնապես «ծանր չեմ տանում», նորմալ է:
-Տպավորություն կա, որ վերջին շրջանում ԲՀԿ-ն մշտապես հայտնվում է թիրախում. կարծեք ճնշումները շատացել են. սկզբում թմրամոլներն էին, հիմա քրեածին ծեծողները: Դուք Ձեր մաշկի վրա զգո՞ւմ եք դա:
-Ես չեմ զգում, որ ճնշումները շատացել են: Գուցե կան երեւույթներ ու զուգադիպություններ: Բայց ընդհանուր առմամբ «Բարգավաճ Հայաստան»-ն իշխող կոալիցիայի անդամ է, եւ մենք արդյունավետ համագործակցում ենք կոալիցիոն մեր մյուս գործընկերների հետ` փորձելով լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Երեւի ավելի շատ լրագրողներն են ստեղծում աժիոտաժ, որ կյանքը հետաքրքիր դարձնեն:
-Եթե ամեն ինչ այդպես նորմալ էր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, ինչո՞ւ միասնական ընտրացուցակով չեք մասնակցում ընտրություններին:
-Մեր կուսակցության առաջնորդը բազմիցս ասել է` մենք ընտրություններին մասնակցելու ենք միայնակ: Որեւէ մեկի համար գաղտնիք չէր ԲՀԿ-ի այս որոշումը, եւ դուք` լրագրողներդ, դրա մասին ամենաշատն եք գրել: Այնպես որ այդտեղ նորություն չկար:
-ՀՀԿ-ն նեղացած է ԲՀԿ-ից, քանի որ իշխանության մեջ լինելով` ընդդիմադիր «խաղերի» մեջ եք: Ինչո՞ւ:
-Նախ` նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, եւ պետք չէ նման բաներով առաջնորդվել ու սադրել (ծիծաղում է): Բացի այդ, մենք միշտ էլ ասել ենք ու մեր գործունեությամբ ապացուցել, որ ԲՀԿ-ն կիսում է իշխանության պատասխանատվությունն իր չափով: Այն ոլորտները, որոնք մեր կուսակիցներն են կառավարում, մենք ամբողջությամբ պատասխանատվություն կրում ենք. այնպես, ինչպես մեր կոալիցիոն մյուս գործընկերները` իրենց վստահված ոլորտներում:
-Եթե ընտրություններին ընդառաջ` առճակատում լինի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ի՞նչ հետեւանքներ եք կանխատեսում: ԲՀԿ-ի կողքին կմնա՞ն այսօր կանգնած դեմքերը եւ Դուք անձամբ:
-Չեմ կարծում, որ լուրջ առճակատում լինի: Մեր երկրի նախագահն ասել է, որ այս ընտրությունները որակապես տարբերվելու են նախորդներից, եւ ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ ես ԲՀԿ-ի կողքին եմ եւ կմնամ:
-Վստա՞հ:
-Կարող եք չկասկածել:
«ԵՍ ԲՀԿ-Ի ԿՈՂՔԻՆ ԵՄ ՈՒ ԿՄՆԱՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ