Այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը: Նախորդ` 14-րդ համագումարը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 15-ին: Այդ համագումարի օրակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցն էր: Համագումարին ներկայացվել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
Արդեն այս` 15-րդ համագումարը, ինչպես վստահեցնում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այս համագումարը հաշվետու է լինելու:
Համագումարի ընթացքում սպասվում է ՀՀ և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթը, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ելույթներ: Քաղաքական այլ ուժեր համագումարին հրավիրված չեն:
Ավանդաբար ՀՀԿ համագումարին ներկա էր լինում նաև ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով նույնիսկ 12-րդ համագումարի ժամանակ հայտարարել էր, թե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն միշտ առողջ համագործակցություն են իրականացրել: Բնականաբար ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալուց հետո նա նույնպես չի մասնակցի համագումարին:
Այս համագումարում լինելու է կուսակցության նախագահի ընտրություն, գործադիր մարմնի ընտրություն և խորհրդի ընտրություն: