Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն. Ս. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում նշեց, որ իրենց նախորդ համագումարից մինչ այժմ Հանրապետական կուսակցությունն ավելի է ամրացել: Նա անդրադարձավ նաև Հայաստանում տիրող այժմյան քաղաքական իրավիճակին:

«Դժվար չէ նկատել, թե Հայաստանում ինչպես է զարգանում քաղաքական դաշտը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքրիր խճանկար: Այս իրավիճակը լավ ներկայացված է հատկապես խորհրդարանում: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը որքան էլ իրար քննադատեն` թշնամիներ չեն: Մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի ծաղկեցնենք մեր հայրենիքը», – ընդգծեց նա:

Նախագահի խոսքով` հայրենիքը մարդու համար ինչպես իր երկու ձեռքն է, որոնք պետք է հավասար գործեն, այլապես մարդը կդառնա անդամալույծ:

«Հանրապետականները նման հեռանկարներ չունեն: Որպեսզի  քաղաքական դաշտն ամրապնդվի մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք հարգանքի հիման վրա` ակնկալելով այլ ուժերի փոխադարձ հարգանքը», – հավելեց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ լավ հասկանում էր, հաճախ չեն կարողացել արդարացնել բոլորի հույսերը, սակայն ընդգծեց, թե որպես պետություն Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել:

«Անհնար է համեմատել այս քաղաքական իրավիճակը նախկինների հետ: Հայաստանի քաղաքական ուժերն այժմ դասավորվում և վերադասավորվում են` նպատակ ունենալով 2017թ. ընտրությունները: Ես դա բնական եմ համարում: Առաջիկա երեք չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու համար: Դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ», – հայտարարեց նա:




Լրահոս