Հայաստանյան գործարարները սկսել են մտահոգվել. պատճառը` ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որի մասնաճյուղն առաջիկայում կբացվի նաև Հայաստանում: Բանն այն է, որ տարբեր երկրներում ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն ունեցող «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը: Տնտեսագետների պնդմամբ` «Կարֆուր»-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում, հետևաբար` ֆրանսիական ցանցի` հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան:
Հիշեցնենք, որ «Կարֆուրի»` Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռևս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նոյեմբերին` հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց: Հիմա էլ` խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Կարֆուրը» գործելու է «Երևան մոլ»-ում:
Թե որն էր պատճառը, որ «Կարֆուր»-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէ. ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան: Մյուս կողմից, սակայն, լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան:
Ի դեպ, այդ խնդրին անդրադարձան անգամ օտարերկրյա դիվանագետները. մասնավորապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել «Կարֆուր»-ի մուտքը:
Բոլորովին վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցը վաճառվել է «Կարֆուր»-ին, որն առաջիկայում արդեն կսկսի գործել: Թե ինչ կլինի հայ գործարարների հետ «Կարֆուր»-ի՝ հայաստանյան շուկա մտնելուց հետո, հայտնի չէ: Բայց արդեն այսօր ներկրմամբ զբաղվող մի շարք գործարարներ մտահոգված են իրենց հետագա գործունեության ճակատագրով: Ավելին` «Կարֆուր»-ը, բացի սննդամթերք ներկրելուց, կարող է զբաղվել նաև արտահանմամբ:
Տեղական արտադրողներն ու մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուր»-ը շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից մինչև սնունդ ներկրելու և այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երևւանում մանր խանութները կամաց-կամաց փակվեցին:
Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի հիպերմարկետի բացվելուց հետո: Սպասվում էր, որ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան լուրջ մրցակցություն կստեղծեր ներկրման ու մանրածախ իրացման ոլորտում, որոնք երկուսն էլ հայտնվել են մենաշնորհային վիճակում: Սակայն դա, կարծեք թե, այդպես չէ:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես զարմացած է, թե ինչու «Կարֆուր»-ի մուտքը երկարեց. «Նույնիսկ հասավ կառավարության մակարդակին, մինչդեռ այդպես չպետք է լիներ: Չէ՞ որ կառավարությունը չպետք է խառնվի ամեն օբյեկտի կառուցմանը, այլ պետք է այնպես կարգավորի, որպեսզի ոչ մի կողմն էլ նեղություն չկրի: Բայց այստեղ մի քանի խնդիր կա. նախ` տեղական գործարարները դիմադրում են «Կարֆուրի» ամրապնդվելուն, երկրորդ` «Կարֆուր»-ի առավելությունն այն է, որ դա և´ եվրոպական սպասարկման մակարդակ է բերում Հայաստան, և´ ապրանքների գներն ավելի էժան կլինեն: Թեև փաստացի ապացույց չունեմ, բայց այն, որ մատչելի կլինի, դա ակնհայտ է, դրա մասին բոլորն են խոսում: Եվ ամենակարևորը. մեր հանրապետությունում այս ասպարեզում չկա տնտեսական քաղաքականություն, փաստը ցույց է տալիս, որ մեզ մոտ փոքրև և միջին խանութների քանակը կտրուկ նվազում է»:
Այս խնդիրը գոնե փոքր-ինչ կարգավորելու համար, ՀԿ-ի նախագահն առաջարկում է խանութները ճիշտ տեղաբաշխել:
«Կարֆուր»-ի հետագա գործունեության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, «Ժողովուրդ»-ը դիմեց հայաստանյան «Կարֆուր»-ի կադրերի բաժնի ղեկավար Մարիաննա Էդիլյանին, ով, սակայն, ընդամենը փոխանցեց, որ ընկերությունն առայժմ չի կարող խոսել իրենց առաջիկա ծրագրերի մասին:
Հ.Գ. Վերջերս «Կարֆուր»-ի մասնաճյուղը բացվեց նաև Վրաստանում: Ներկայացուցիչների խոսքով` Քութայիսում և Բաթումում հիպերմարկետների կառուցելու` ընկերության հեռահար նախագծերը մնում են ուժի մեջ: Իսկ ահա ռուսական շուկա ֆրանսիական «Կարֆուր»-ի մուտքն անհաջող ստացվեց. դեռևս 2009-ին ցանցի մասնաճյուղը բացվեց Մոսկվայում և Կրասնոդարում, սակայն մեկ տարի անց` 2010-ին, այն արագորեն փակվեց:
Տեղի գործարար դաշտը նույնպես քննադատորեն մոտեցավ հարցին: Հավելենք, որ Սինգապուրում և Հունաստանում նույնպես հիպերմարկետները որոշ ժամանակ գործելուց հետո փակվեցին: Իսկ թե Հայաստանում ինչ ապագա կունենա ֆրանսիական «Կարֆուր»-ը, ժամանակը ցույց կտա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ