Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին:
Թեեւ Ալիսիան ծնվել եւ ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային եւ փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ միայն Հայաստանի բեմահարթակներից, այլեւ պարզ ու հասարակ մարդկանց շուրթերից:
Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր:
Խորապես ցավակցում եւ կիսում եմ Ալիսիայի հարազատների, մտերիմների ու բազմահազար ընթերցողների վիշտը»: