«Չմոռանանք, որ Յանուկովիչի ժամանակ Ուկրաինան ՄԱԿ-ում կողմ քվեարկեց Ադրբեջանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում օրեր առաջ տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:

Ըստ ընտրությունների արդյունքների՝ հաղթողը գործարար Պյոտր Պորոշենկոն է: Թե նոր իշխանությունն ինչ ազդեցություն կունենա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, պարզելու համար armlur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

– Պարո՛ն Պողոսյան, Ուկրաինայի նոր իշխանությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների վրա:

– Առաջին հերթին՝ պետք է շնորհավորել Ուկրաինային, որ կարողացավ այդպիսի պայմաններում բարձր պատվով անցկացնել ընտրությունները, և Պորոշենկոյին, ով ուկրաինացի ժողովրդի ընտրությունն է: Նոր նախագահն իր նախընտրական ծրագրում ասել էր, որ ունենալու է կարևորագույն խնդիրներ՝ պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության խնդիրների բարելավում:

Հուսով եմ, որ առաջին քայլերը միտված կլինեն հենց այդ գործողություններին: Պետք է հասկանան, որ խաղաղ միջոցներով պետք է խնդիրները լուծել, ինչը նաև կլինի ընդհանուր մոտեցում հարևանների հետ իր հարաբերություններում:

– Նոր նախագահի մասին նշվում է, որ նա միլիարդատեր է, գործարար:

– Յանուկովիչին երբեք չէին ասում՝ նա միլիարդատեր է, ասում էին՝ նա դարձավ միլիարդատեր: Առաջինը պետք է նշեմ, որ Պորոշենկոն, հարուստ լինելով, նախկին իշխանությունների օրոք երկու անգամ նախարար է եղել: Սա խոսում է այն մասին, որ ինքը նախկին համակարգի հետ առնչություն ունեցել է: Նա պատգամավոր է եղել և շատ լավ գիտի կոռուպցիոն դաշտը: Եթե դրսևորի կամք և պայքարի դրա դեմ, շատ լավ կլինի: Հուսով եմ, որ նա իր խոստմանը տեր կլինի և, ինչպես հայտարարել էր, կվաճառի իր բիզնեսը:

– Արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք ինչպե՞ս եք գնահատում հայ-ուկրաինական հարաբերությունները:

– Այդ ժամանակ հայ-ուկրաինական հարաբերությունները, համարում են, որ շատ բարձր է եղել, քանի որ Յանուկովիչը եղել է Սպիտակում, և նրա կենդանության օրոք նույնիսկ իր արձանն է կանգնեցվել: Բայց այդպիսի բաները շատ փոքրիկ երևույթներն են իրականում: Չմոռանանք, որ նույն Յանուկովիչի ժամանակ նույն Ուկրաինան ՄԱԿ-ում քվեարկեց Ադրբեջանին՝ կողմ և Հայաստանին՝ դեմ: Երկու պետությունները պետք է հարաբերություններ պահպանեն շահերի տեսանկյունից: Եվ պետք է նայել, թե որոնք են հայ -ուկրաինական հարաբերությունների շահերը: Վստահ եմ, որ եթե մենք ունենանք նորմալ քաղաքականություն Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, հարաբերությունները ճիշտ են կառուցվելու:

– Բայց չե՞ք կարծում, որ հայ-ուկրաինական հարաբերությունները մեծապես կախված են ռուս-ուկրաինական հարաբերություններից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է:

– Մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք մեր հարաբերություններն ենք ձևավորում: Հիմա այս պարագայում մենք պետք է գտնենք այն շահերի դաշտը, որը մերն է: Չպետք է պահպանենք երրորդ երկրի շահերը, այլ պետք է պահենք մերը: Նույնը Ուկրաինան, պետք է կարողանա Հայաստանի հետ հարաբերություններն օգտագործել իր շահի համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս