ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈՒՉԻԿՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ չգործարկված լուծարվում է Գյումրու տեխնոպարկը. այս հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Գյումրու տեխնոպարկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հայկական աշխարհ կառուցելու «գերնորարարական» ծրագրերից մեկն էր, եւ հիմա այն պարզապես հօդս է ցնդում:

Տիգրան Սարգսյանը Գյումրու տեխնոպարկի ծրագիրը ներդրեց իր պաշտոնավարման հենց սկզբում. 2008թ. հունիսի 12-ին կառավարության նիստում հաստատվեց «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին» հավանություն տալու մասին որոշումը, մինչեւ տարեվերջ հաստատվեցին նաեւ միջոցառումների ժամանակացույցն ու բիզնես պլանը: Նախատեսված էր, որ Գյումրու տեխնոպարկը պետք է զարգացներ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, նորաձեւությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, արվեստը, ոսկեգործությունը, արհեստագործությունը եւ այլն:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս ծրագիրը փուչիկ է, եւ կառավարությանը չի հաջողվի այն իրականություն դարձնել: Սակայն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանը փորձում էր հակառակն ապացուցել: Իսկ արդեն նախորդ տարվա նոյեմբերի 27-ին, այցելելով Շիրակի մարզ, Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով: Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014 թ. ամբողջությամբ կիրականացվի: Գյումրիում տեխնոպարկի կայացման մեր խոստումները եւ ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու ծրագրերն իրականություն են դառնում: ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման»:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն այսօր հակառակն է պնդում. ծրագիրը չի իրականացվել, իսկ տեխնոպարկը գործելու մասին Տիգրան Սարգսյանի հայտարարություններն ուղղակի սուտ են: Այս ամենն ակնհայտ է դառնում Տեխնոպարկը լուծարելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորումներից, որոնց մեջ նշված է, որ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս, եւ հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց»:
Նկատենք, որ Գյումրու տեխնոպարկի ծրագրի արդյունավետությունը ժամանակին կասկածի տակ էր դրել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը. 2012թ. ՎՊ-ն ստուգումներ էր անցկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ այս առումով արձանագրել. «Դեռեւս հայտնի չէ, թե վերջիվերջո որքան է տեւելու տեխնոպարկի ձեւավորման ծրագիրը, այսինքն` չկա նախանշված ծրագրի ավարտ, չկա քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չեն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ: Հնարավոր ռիսկերի առումով ծրագիրը գնահատված չէ, այսինքն` ռիսկերի կառավարումը նույնպես հստակ չէ: Ամեն ինչ առավել քան անորոշ է»: ՎՊ հաշվետվության համաձայն՝ 2008-2012թթ. ընթացքում այս ծրագրի համար պետական բյուջեից ծախսվել է 430.6 մլն դրամ, եւ հիմա, ըստ նրանց, հարցականի տակ է կատարված ծախսերի արդյունավետությունը:
Այսքանից հետո արձանագրենք հետեւյալը. փաստորեն, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս ողջ ընթացքում հետեւողականորեն խաբել է հասարակությանը՝ տեխնոպարկի մասին իր հայտարարություններով: Մյուս կողմից՝ այդ ողջ ընթացքում ՀՀ պետական բյուջեից ահռելի գումար՝ ամենաքիչը 1,1 մլն դոլար է մսխվել, եւ հիմա հարց է առաջանում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախկին նախարարներ Ներսես Երիցյանն ու Տիգրան Դավթյանն արդյո՞ք պատասխանատվություն կկրեն իրենց արկածախնդրության հետեւանքով պետական բյուջեին հասցված վնասի համար: Եվ վերջապես. թեեւ այս ծրագրի անմիջական պատասխանատուն նախկին վարչապետն ու էկոնոմիկայի նախկին նախարարներն են, սակայն հազիվ թե նրանք այս ամենը կարողանային իրականացնել առանց Սերժ Սարգսյանի իմացության, ուրեմն՝ կատարվածի համար պատասխանատու է նաեւ նա: Իսկ եթե Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, թե իր թիկունքում ինչ է կատարվում, ուրեմն՝ նա պարզապես իր տեղում չէ:
Հ.Գ. 1 .Դժվար չէ կռահել, որ նույն վիճակում են նաեւ Տիգրան Սարգսյանի մյուս ծրագրերը եւս, օրինակ՝ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու նախագիծը: Հետաքրքիր է՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կհամարձակվի՞ արդյոք բացահայտել նաեւ դրանք, թե՞ կբավարարվի այսքանով: Ի վերջո, Ս.Սարգսյանը հրահանգել էր Հ.Աբրահամյանին. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»: Սակայն Տիգրան Սարգսյանի արկածախնդրությունների բացահայտումն, ըստ էության, նախկին կառավարությանը վարկաբեկել է:
Հ.Գ. 2. Կառավարության այս որոշումը թերեւս ամենածանրը կանդրադառնա էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գեւորգյանի վրա, ով 2011թ. ԵՄ կազմակերպած մի աշխատաժողովի ժամանակ պոռնո կայք դիտելու համար ազատվելով պաշտոնից, նախարար Տիգրան Դավթյանի հրամանով նշանակվեց Գյումրու տեխնոպարկի տնօրենի խորհրդական: Արդյունքում, եթե Արմեն Գևորգյանը տեսանյութից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարին խորհուրդներ տալու դիմաց վարձատրվում էր 150 հազար դրամ, ապա տեսանյութից հետո Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանին տված իր խորհուրդների դիմաց ստանում էր 600 հազար դրամ, այսինքն` 4 անգամ ավելի:
Հ.Գ. 3. Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս