ՔՈԹՈՅԻ ԳՈՐԾԸ ՓԱԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 22-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ստեփանավանի հարեւանությամբ` Ամրակից գյուղի տարածքում գտնվող «Դրախտ» ռեստորանում: Միջադեպի «հերոսը» Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն էր:
Դեպքից անմիջապես հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որի համաձայն` Ստեփանավանի բնակիչներ, 1974-ին ծնված Արծրուն Հակոբյանը, Արթուր Աղաջանյանը եւ Արմեն Գրիգորյանն իրենց վեց ընկերների հետ գնացել են «Դրախտ» ռեստորանային համալիր` ինչ-որ առիթ նշելու: Այնտեղ է եղել նաեւ  Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը:  Վերը նշված անձինք սկսել են վիճաբանել Ղարաքեշիշյանի հետ: Այնուհետեւ իբր Արմեն Գրիգորյանը սուր կտրող, ծակող գործիքով երկու անգամ` դեմքի եւ պարանոցի մասում, հարվածել էր Ղարաքեշիշյանին, ինչից հետո վերջինս իր մոտ եղած ատրճանակից կրակ էր բացել եւ հրազենային վնասվածքներ պատճառել վերը նշված 3 անձանց:
Վեճի պատճառներից հիմնականում նշվում էր այն փաստը, որ դրանից մի քանի օր առաջ Ղարաքեշիշյանն աշխատանքից ազատել էր Արմեն Գրիգորյանի` Ստեփանավանի քաղաքապետարանում աշխատող քրոջը:
 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս աղմկահարույց միջադեպն իսկապես կապված էր Գրիգորյանի քրոջ աշխատանքից ազատման հետ, սակայն ինչ-որ այլ սկզբնաղբյուրներ եւս եղել են: Ղարաքեշիշյանն, ով հայտնի է Քոթո մականունով, իրոք աշխատանքից ազատել էր Գրիգորյանի` քաղաքապետարանում աշխատող քրոջը: Բանն այն է, որ Գրիգորյանը եւ նրա ընկերները հոկտեմբերի 19-ի քաղաքապետի ընտրություններում սատարել էին Ղարաքեշիշյանի մրցակցին: Իսկ արդեն հոկտեմբերի 24-ի երեկոյան Գրիգորյանն իր ընկերների հետ գնացել էր Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորան` ուտել-խմելու:
Այստեղ վերջիններիս ասել են, որ նրանց չեն սպասարկի, քանի որ Ղարաքեշիշյանն այդպես է հրահանգել: Գրիգորյանը եւ նրա ընկերները ռեստորանի աշխատողներից պահանջել են, որպեսզի նրանք Քոթոյին տեղեկացնեն իրենց գալու մասին: Քոթոն էլ մոտ կես ժամ անց ռեստորանի ներքին սենյակից  գինովցած դուրս է եկել եւ միանգամից վեճի բռնվել Գրիգորյանի եւ նրա ընկերների հետ: Քաղաքապետն ասել է, որ շատ լավ է արել, որ արգելել է իր ռեստորանում Գրիգորյանին եւ նրա ընկերներին սպասարկել, սպառնացել է, որ վերջիններիս իրենց ընտանիքների հետ վտարելու է Ստեփանավանից, բղավել է, որ ուզի` հենց տեղում կգնդակահարի բոլորին:
Այցելուները փորձել են խաղաղ ձեւով զրուցել Քոթոյի հետ, բայց վերջինս անսպասելի սկսել է կրակել իր մոտ եղած «Վիկինգ» տեսակի ատրճանակից, որն, ի դեպ, նրան էր նվիրել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քոթոյի արձակած կրակոցներից Արթուր Աղաջանյանը վիրավորվել էր ձախ ոտքից, Արմեն Գրիգորյանը` ազդրի մասում, իսկ Արծրուն Հակոբյանը` թիկունքից:  
ՀՀ գլխավոր դատախազության եւ ոստիկանության հաղորդագրություններում Հակոբյանի վնասվածքը նշվեց իբրեւ որովայնի մասից պատճառված վերք, այնինչ միջանցիկ վնասվածքը պատճառվել էր թիկունքից: Երեւի այս դետալը սրբագրվել է, որպեսզի հնարավոր լինի Քոթոյի արածը որակել որպես հարկադիր ինքնապաշտպանություն: Դատախազության եւ ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում նշված էր նաեւ, որ Արմեն Գրիգորյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ հենց միջադեպի օրը Գրիգորյանը տեղափոխվել էր Ստեփանավանի հիվանդանոց:
Սովորաբար ստեփանավանցիները վախենում են Քոթոյի մասին խոսել, քանի որ ասում են, թե նա քաղաքում շրջում է` զենքը ցուցադրական կողքին ամրացրած: Օրեր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում էր այս ամենի առնչությամբ պարզաբանում ստանալ անձամբ Սարգիս Ղարաքեշիշյանից: Քաղաքապետի քարտուղարուհի Սուսաննան մեզ տեղեկացրել էր, որ վերջինս արձակուրդում է եւ կվերադառնա հունվարի 26-ին: Երեկ, ի վերջո, նա  որոշեց  պատասխանել մեր զանգերին, սակայն  լսելով, որ մեր հարցը կապված է  2008 թվականի միջադեպի հետ, միանգամից սկսեց բղավել. «Ա՛յ կլյաուզնիկներ, միջադեպ տեղի չի ունեցել, էլ ինձ չզանգեք» եւ անջատեց հեռախոսը:
Մենք, իհարկե, կրկին զանգահարեցինք, սակայն վերջինիս քարտուղարուհի Սուսաննան շատ վախեցած ասաց, որ ինքը չի կարող որեւէ բան անել` ավելացնելով. «Խնդրում եմ, ինձ հասկացե՛ք»: Իսկ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ այս գործը 2009 թվականին կարճվել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս