Օրեր առաջ Ազգային Ժողովում փակ քվեարկությամբ Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված և այդ ժամանակ արդեն իսկ գործող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նշենք, որ Ջավադյանը մշտապես աշխատել է բանկային համակարգում, ինչն էլ հնարավորություն է ընձեռել նրան այդքան ունեցվածք կուտակել:
Ուսումնասիրելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագիրը, պարզ է դառնում, որ առատ են նրա ոչ միայն ներկայիս դրամական միջոցները, այլև ստացվող եկամուտները:
2013թ. սկզբում Ջավադյանի դրամական միջոցները եղել են 125 մլն դրամ, որը սակայն տարվա ընթացքում նվազել է և դարձել 105 մլն դրամ: Սակայն աճել են նրա արտարժույթով միջոցները: Մասնավորապես` 410 հազար դոլարը դարձել է 435 հազար դոլար, իսկ 165 հազար եվրոն էլ` 205 հազար եվրո:
Ըստ այդ թվականին ներկայացված հայտարարագրի` նա մեկ տարում մոտ 45 մլն դրամ է վաստակել, որոնք հիմնականում գոյացել են տարբեր ավանդներից, հաշվի մնացորդի դիմաց վճարված տոկոսներից, շահաբաժնից և այլն:
Նույն պատկերն է նաև վերջերս ներկայացրած հայտարարագրում: Նախորդ տարվա վերջում առկա 105 միլիոնն այս տարի աճելով դարձել է 110 մլն, 205 հազար եվրոն դարձել է 211 հազար եվրո, իսկ 430 հազար դոլարն էլ դարձել է 470 հազար դոլար:
2013թ. նա վաստակել է մոտ 37 մլն դրամ: Եկամտի հիմնական աղբյուրը եղել է տրված փոխառությունների ստացված տոկոսը և այլ հատուցումները:
Նշենք, սակայն, որ նա ոչ մի անշարժ կամ շարժական գույք այս տարի ներկայացված հայտարարագրում չի նշել: Դրա փոխարեն դեռևս նախորդ տարի ներկայացված հայտարարագրում որպես թանկարժեք գույք նշված է եղել Հուշադրամ «20-րդ դարի Հայոց Կաթողիկոսներ», որի արժեքը եղել է 24 մլն դրամ: