Եթե աշխատակիցների վրա ճնշումները շարունակվեն, կլինեն հանրային բողոքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց 67 կողմ, դեմ` 18, ձեռնպահ` 29 ձայների հարաբերակցությամբ:

Օրենքի փոփոխված տարբերակով  ուժը կորցրած է ճանաչվում կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում էր տույժերի և տուգանքների ենթարկել այն գործատուներին, որոնք հրաժարվում էին գումար փոխանցել ֆոնդերին: Նոր օրենքի համաձայն` պետք է  հաշվի առնել  քաղաքացիների կամքը: Եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր գումարները գանձվեն, կարող է դիմում ներկայացնել գործատուին և պահանջել, որ իր աշխատավարձից գումար չգանձեն:

Գործատուների մեծ մասը, սակայն,  հրաժարվում է  վերցնել իր աշխատակիցների դիմումները:

Armlur.am-ի  հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ  եթե աշխատակիցների վրա ճնշումները շարունակվեն,  կլինեն հանրային բողոքներ և ակցիաներ:

Դավիթ Մանուկյանը խորհուրդ է տալիս  գործատուների կողմից ճնշումների ենթարկված աշխատակիցներին չլռել, բարձրաձայնել, քանզի գործատուները վախենում են  հրապարակայնացվելուց, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելուց:

Բացի բողոքի ակցիաներից ու ընդվզումներից` աշխատակիցները կարող են նաև իրավական  ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները: «Չվերցնել աշխատակիցների դիմումները, վախեցնել նրանց, դա քրեական  օրենսգրքի համապատասխան դրույթներով լուծվելիք   խնդիր է: Աշխատակիցները կարող են դիմել  դատարան և նման գործատուներին քրեական պատասխանատվության ենթարկել»,- եզրափակեց Դավիթ Մանուկյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս