ԿՊԱՏԺՎԵՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է՝ հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով, շեշտելով, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՈՒ ՈՒ ԲԱՑ
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական` 15-րդ համագումարը նախընտրական չէ, հաշվետու համագումար է, այդ իսկ պատճառով քաղաքական այլ ուժեր չեն հրավիրվել: Երեկ այդ մասին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նիստին քննարկվել են կազմակերպչական հարցեր: Համագումարի պատվիրակները լսելու են Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո հանձնաժողովների ղեկավարները, տարածքային կառույցների ղեկավարները իրենց տեսակետը կարտահայտեն: Լինելու են նաեւ ղեկավար մարմնի ընտրություններ: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համագումարը բաց է լինելու եւ մոտ 100 լրագրող լուսաբանելու է:
ԵՎՍ ՄԵԿԸ ԼՔԵՑ ՕԵԿ-Ը
Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բաթոյանը երեկ խորհրդարանի դահլիճում հայտարարել է ՕԵԿ-ից դուրս գալու մասին` նշելով, որ չի կիսում «Օրինաց երկրի» տեսակետը կառավարության ծրագրի վերաբերյալ եւ, դուրս գալով խմբակցությունից, կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Նշենք, որ Բոթոյանը ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, թիվ 23 ընտրատարածքից:
ՈՐ ԲՈԼՈՐԸ ԱՐՏԱԳԱՂԹԵՆ
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ «Եթե մենք մեկ ամիս առաջ էլ ունենանք այդ խաղի կանոնները մեր միգրանտների համար, հազարավոր մեր քաղաքացիներ մեկ ամիս շուտ կօգտվեն դրանից: Եթե հիմա մեր քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի համար առանձին բյուրոկրատական ընթացակարգով պետք է թույլտվություն, փաստաթղթեր, պետական տուրք, հոգեմաշ գործունեություն… այդ ամբողջ համակարգը դուրս է գալիս: Աշխատաշուկան լրիվ բացվում է»,- «Ազատության» հետ զրույցում աել է Գ. Եգանյանը: