Միևնույն է, առաջընթացին չէինք նպաստելու. ԲՀԿ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակը:

Օրենքին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ էին, իսկ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց օրենքի փոփոխված տարբերակին:  

Կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակն առաջարկում է  հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը. եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից պահվի 5 տոկոս կուտակային կենսաթոշակային գումարը, կարող է դիմում ներկայացնել գործատուին և պահանջել, որ իր աշխատավարձից գումար չգանձվի: 

Սակայն օրենքի փոփոխված տարբերակը, կարծես թե, մնացել է թղթի վրա և հաշվի չի առնվում գործատուների կողմից: Վառ վկայությունն օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության մանկավարժների ահազանգն էր այն մասին, որ կրթական շատ հաստատությունների ղեկավարներ հրաժարվում են վերցնել իրենց աշխատակիցների դիմումները:

Armlur.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` ԲՀԿ-ն, օրենքին ձեռնպահ քվեարկելով, ինչ արդյունքի հասավ, եթե, ինչպես  պարբերաբար բարձրաձայնում են «Դեմ եմ» շարժման անդամները, գործատուները շարունակում են աշխատակիցներից չվերցնել դիմումները, վերցնելու դեպքում պահանջում են նաև ազատման դիմում գրել:

Ուրիխանյանի պարզաբանմամբ՝ օրենքի փոփոխված տարբերակին ձեռնպահ քվեարկելով`ԲՀԿ-ն որևէ բանի հասնելու խնդիր չուներ. «ԲՀԿ-ն օրենքի տվյալ նախագիծը ԱԺ ներկայացնելիս պետք է արտահայտեր հանրության դիրքորոշումը: Քանի որ դեմ քվեարկելով` վիճակը նույնն էր մնալու, չէինք նպաստելու գոնե կես քայլով առաջընթացի, այդ պատճառով էլ ձեռնպահ ենք քվեարկել: Հարցը, ի դեպ, քննարկվել է նաև «Դեմ եմ»-ի ակտիվիստների ու սոցիալական տարբեր շերտերի  հետ, որոնք ակտիվորեն շարունակում են պայքարել պարտադիր բաղադրիչի դեմ»:

Ինչ վերաբերում է գործատուների՝ աշխատակիցների վրա կատարվող ճնշումներին, պատգամավորի տեղեկացմամբ՝  ԲՀԿ-ի՝ հանրային հարցերով ստեղծված հանձնաժողովը հայտարարություն էր տարածել և կոչ արել մեր քաղաքացիներին աջակցություն ստանալու և գործատուների կողմից ճնշումների ենթարկվելու դեպքում դիմել հանձնաժողով:

«Իսկ որևէ բողոք-դիմում հանձնաժողովը ստացե՞լ է»  հարցին ի պատասխան՝ Ուրիխանյանն ասաց, որ գործատուների կողմից ճնշումների ենթարկվելու մասին դիմումներ հանձնաժողովը չի ստացել:

«Մեզ դիմել են մարդիկ, որոնք տեղեկատվություն ստանալու, կողմնորոշվելու խնդիր են ունեցել: Բայց  գործատուների կողմից ճնշումների ենթարկվելու մասին դիմումներ չստանալը չի նշանակում, որ նման ճնշումներ չկան կամ չենք ստանալու»,- մանրամասնեց  Ուրիխանյանը:

Եթե գործատուների կողմից  աշխատակիցների վրա ճնշումները համատարած լինեն, հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն «քառյակի» շրջանակներում արտահերթ նիստի և օրենքում փոփոխություններ անելու պահանջով հանդես  գա:

Տ. Ուրիխանյանի  խոսքով` ինքը «քառյակի» անունից խոսել  չի կարող, քանի որ  «պատասխանը կծնվի քննարկման արդյունքում», բայց ԲՀԿ-ն անելու է ամեն ինչ` հարցը լուծելու համար:

Սոնա Դավթյան




Լրահոս