Տավուշի մարզի համայնքապետարաններից աշխատավարձի պարտքեր ունի միայն Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբերը: 9 միլիոն դրամ պարտքն առաջացել է 1997-2002թթ.` նախկինում սեփականաշնորհված 134 հեկտար հողի պատճառով: Այդ հողերը 1991թ-ից ադրբեջանական վերահսկողության տակ են, փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ` ադրբեջանական ափին: Չգիտես ինչ տրամաբանությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքների հողի հարկը հաշվարկվել է համայնքի բյուջեում, այդ չափով էլ պետական լրավճար քիչ է տրվել համայնքին: Գյուղապետարանն այդ խնդրով բազմաթիվ նամակներ է ուղարկել իշխանության տարբեր մարմինների: 2002-ից այդ պարտքը սառեցվել է, 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ֆինանսական բաժնից եկել են, համայնքապետարանում ստուգում կատարել եւ պարզել պարտքի պատճառը: Այդուամենայնիվ, Բերքաբերի համայնքապետարանն անցած տարիների ընթացքում մեծ չափով մարել է այդ պարտքը: Համայնքապետարանը 2011թ. փակել է նախորդ տարիներից մնացած պարտքի 500.000 դրամը, սակայն դեռեւս 3 միլիոն 319.000 դրամ պարտք ունի: Նշենք, որ Բերքաբերի համայնքապետարանը ֆինանսների խիստ կարիք ունի: Գյուղի պատմության թանգարանն ունի շուրջ 8 հազար ցուցանմուշ, այդ թվում` արժեքավոր հին նմուշներ: Պատմության թանգարանի տնօրեն Նորայր Արզումանյանը, ով աշխատում է անվճար` հասարակական հիմունքներով, ահազանգում է, որ թանգարանի շենքի ծակ տանիքից անձրեւաջրերը լցվում են ներս եւ վնասում ցուցանմուշները: Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծված թանգարանի ներսն էլ անբարեկարգ է եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Բերքաբերի համայնքապետ Սուրեն Խուդավերդյանն ասաց, որ համայնքապետարանը տանիքը նորոգելու համար գումար չունի:
ԱՆՀԵԹԵԹ ՊԱՐՏՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ