Ընտրությունները պետք է 3 խնդիր լուծեն. Հ. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր ասաց, որ ընտրական համակարգի փոփոխությունները բնորոշ են այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունն և ժողովրդավարական համակարգը խորը արմատներ չունեն:

Հիշեցնենք, որ այսօր ընթանում են ընտրական համակարգի և ընտրական իրավունքի մասին քննարկումները:

Թովմասյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի այն հատվածը, որը կոչվում է «Ընտրական իրավունք և ընտրական համակարգ», պիտի լուծվի դրան հարակից օրենքների լուծման շնորհիվ:

«Միանգամից ասեմ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են այս տարիներին, հենց այս բաժնում զետեղված մոտեցումներով չպետք է լուծել, քանի որ ընտրական իրավունքին հարակից տասնյակ այլ իրավական ինստիտուտներ կան, որոնց ինչպիսիությամբ է պայմանավորված ընտրական իրավունքի և ընտրական համակարգի կարգավորումը», – ընդգծեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Նա փաստեց, որ ցանկացած ընտրություններ ժողովրդավարական հասարակությունում պետք է լուծեն երեք գլխավոր խնդիր.

«Առաջին՝ իշխանությունների լեգիտիմացիա, երկրորդ՝ քաղաքական էլիտայի սելեկցիա, երրորդ՝ քաղաքական կոնֆլիկտների լուծում:

Ցավոք, պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին ընտրական պրոցեսներն ու ընտրություններն այս երեք խնդիրները բավարար չափով կամ ամբողջապես չեն կարողացել լուծել, և սրանով է պայմանավորված, որ այս հարցադրումներն ու խնդիրները շահարկվում են»,- եզրափակեց Թովմասյանը:




Լրահոս