ԼՂՀ-Ն ՉԻ ՄՏՆԻ ԵՎՐԱԶԵՍ
Երեկ «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին եւ դրան նախորդող ժամանակահատվածում, մեր անվտանգության հետ կապված հարց է: 3 տարուց ավելի բանակցություններ էին ընթանում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, բոլորը հայտարարում էին, որ եվրաասոցացումը պետք է նախաստորագրվի, սակայն այդ տարբերակը վերացավ: Բերվեց մեկ փաստարկ՝ անվտանգության հարցը»,-ասաց Հոկտանյանը: Անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածին՝ Հոկտանյանը նշեց, որ իր կարծիքով՝ այն սեպտեմբերի 3-ին ասվածը կասկածի տակ դրեց, քանի որ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելը չի ապահովում ԼՂՀ անվտանգությունը: Նա նաեւ նշեց, որ հասարակության մեջ ապատիա կա, եւ առաջին հերթին պետք է հասարակության ապատիան վերացնել: Ըստ նրա՝ սեպտեմբերի 3-ը ինստիտուտների չգոյության, թերզարգացության հետեւանք է: Թերզարգացածությունը կար նաեւ այն ժամանակ, երբ եվրաասոցացման բանակցություններն էին ընթանում: «Ես շատ վատ էի վերաբերվում այն փաստին, երբ մեզ մոտ ընտրություններ էին կեղծվում, բայց եվրոպացի դիտորդները քայլեր չէին ձեռնարկում, դրա համար ոչ միայն մենք, այլ նաեւ իրենք հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ»,-ասաց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ տաշտակը վերանորոգելու համար նոր գործընթաց պետք է սկսել:
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում հայտնաբերված բրուցելոզի պատճառով դեռ շարունակվում է շուրջօրյա հսկողությունը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի խոսքով՝ 107 խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, իսկ 4-5 կենդանու մասով հանձնարարական է տրված, որպեսզի դրանք էլ ենթարկվեն սպանդի: Հիշեցնենք, որ Գեղաշենում 17 գյուղացու մոտ ախտորոշվել էր բրուցելոզ հիվանդությունը:
ԿԱՐԿՈՒՏԻ ՎՆԱՍՆԵՐԸ
ՀՀ Սյունիքի մարզում երեկ տեղացած ուժեղ կարկուտի պատճառով վնասվել են Վերիշեն եւ Ակներ գյուղերի մոտ 80հա կարտոֆիլի, 7հա բանջարաբոստանային ցանքատարածություններն ու բերքատու այգիները: Իսկ Վայոց ձորի մարզից վնասվել են Զեդեա, Թառաթումբ, Աղնջաձոր, Գլաձոր եւ Հերմոն գյուղերի բերքատու այգիներն ու ցանքատարածությունները: Վայոց ձորի Աղնջաձոր համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց, որ տեղացած կարկուտից հետո համապատասխան մասնագետները չեն եկել համայնք ու հաշվարկներ չեն արել՝ վնասի չափը ճշտելու նպատակով: Նրա խոսքով՝ մոտ 40 հա-ի չափով վնասվել են ընդեղենի ցանքատարածություններ, 17 հա պտղատու ծառերի այգիներ, 60-70 հա խոտհարք: