Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է. Ռ. Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ԱԺ–ում էր։ ԲՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա լրագրողներին  վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է։

«Միշտ, երբ որ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու։ Ես ինքս էլ ձեր նման սպառող եմ, ունեմ շատ հարազատ, մոտիկ մարդիկ, նաև, ի վերջո, մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու։ Իհա՛րկե, խնդիր է. կոմունալ ծառայությունների ամեն մի բարձրացում մարդկանց գրպանին է խփում»,- նշեց Ռ. Նազարյանը։

Նա հույս հայտնեց,  որ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կառավարությունն իր սոցիալական ծառայությունների մեջ փոփոխություններ կկատարի և կաջակցի սոցիալապես անապահով խավերին և թոշակառուներին։

«Իմ գնահատմամբ՝ այս 4 դրամը ընտանիքների վրա տարեկան մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու։ Բայց դատապարտված ենք բարձրացնելու։ Եթե անգամ 0,5 տասնորդական տոկոսի հնարավորություն լիներ չբարձրացնելու, ես խոստանում եմ՝ մենք այս քայլին չէինք գնա։ Մեզ համար էլ շատ դժվար է լրատվամիջոցներում տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին լսելը և ժողովրդի վրդովմունքը։ Այսօր արդեն 16 մլրդ, 600 մլն–ի վնասներ ունի ընկերությունը, վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա և կարող է սկսի հայտնվել բանկրոտի մեջ», – հայտարարեց նա։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, և, Ռոբերտ Նազարյանի խոսքերով, սակագինը մոտ 4 դրամով կթանկանա հավանաբար արդեն օգոստոսի 1–ից։




Լրահոս