Երևանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության և իսլամագիտության կենտրոն, այս մասին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է ՀՀ–ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը:Ըստ ԿԳՆ հաղորդագրության՝ Աշոտյանը նաև նշել է, որ միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ:Կողմերը կարևորել են Հայաստանի և Քուվեյթի միջև կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումը, երկկողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը:Արմեն Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձևավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը:”Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների”,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ Հայաստանում հնարավոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու պետությունների միջև կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:
ԵՊՀ-ում կհիմնվի արաբագիտության եվ իսլամագիտության կենտրոն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ