«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի հռչակած 2-րդ սերնդի բարեփոխումների ռազմավարության առանցքային խնդիրներից էր նաեւ քաղծառայողների իրավական ու սոցիալական երաշխիքների ներդրումը, ղեկավարության կամայականություններից պաշտպանվածության ապահովվումը:
Սակայն Սարգսյանի՝ ապրիլի 30-ի հրամանագիրը, որով ՊԵԿ-ը վերակազմավորվեց՝ միացվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ջուրը լցրեց թե՛ իշխանությունների հռչակած ռազմավարությունը, թե՛ ռազմավարության շահառուներին՝ ի դեմս քաղծառայողների: Հրամանագրի ընդունումից մոտ ամիս ու կես անց, Գագիկ Խաչատրյանի հրամանով ֆիննախից ազատվել են մոտ 100 աշխատակիցներ՝ կարելի է ասել՝ օրական 2 քաղծառայող հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
Պատճառը՝ վերակազմավորումն է, օպտիմալացումը: Սակայն զարմանալի զուգադիպությամբ, դա տարածվում է միայն ֆիննախի ծառայողների վրա՝ վերջիններս ազատվում են աշխատանքից, իսկ ահա ՊԵԿ ծառայողները ստանում են ավելի բարձր պաշտոն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գագիկ Խաչատրյանը աշխատանքից ամբողջությամբ ազատել է նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին կտրուկ սրվել էին Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերություններն այն բանից հետո, երբ սույն տեսչությունը ստուգումներ էր անցկացրել ՊԵԿ-ում եւ հարկային մարմինների լիազորությունների խախտումներ էր հայտնաբերել:
Հիմա, փաստորեն, «Տամոժնի» Գագոն Ֆինանսների նախարարության աշխատակիցներից վրեժ է լուծում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: