Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք` Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այս առնչությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նամակ է գրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվսին:Նամակում մասնավորապես ասվում է. “Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն ենե։ Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու և պահպանելու համար։ “Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն և հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը և կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները”,- ասված է ուղերձում։Անահիտը Հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստծո` Արամազդի դուստրն է, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։ Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։ Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը:Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է Անահտական: Ք.ծ.ա. 34 թ. հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը: Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ:
Ստորագրահավաք Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Հայաստան վերադարձնելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ