«Իմ ելույթներից հետո ՀՀԿ-ականները մոտենում, ասում են՝ ճիշտ ես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ճեպազրույցների ժամին  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ նշեց, որ խորհրդարան է եկել մոտ 1 ժամ քայլելով, և նրան ճանաչող մարդիկ մոտեցել և խոսել են իր հետ: Մանուկյանի խոսքով` մեկն ագրեսիվ է խոսում, մյուսը` լավ, բայց մարդիկ անկեղծանում են ու խոսում իրենց խնդիրներից:  

Նա նշեց, որ ներկա պահին նախագահականի առջև բողոքում է երեք խումբ` բանակում խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը, հաշմանդամ օդաչուները, որոնց պահանջներն անտեսված են, և Գարեգին Նժդեհի քրոջ աղջիկը` տիկին Էմման:

Պատգամավորը նաև նշեց, որ երկուշաբթի` ժամը 12-ին, հենց նախագահականի առջև 75-ամյա տիկին Էմման ասուլիս է տալու, քանի որ  լրանում է նրա բողոքի ցույցի երկու տարին: Կինն այս ընթացքում` ամառ, թե ձմեռ, կանգնել է նախագահականի առջև, և ոչ ոք նրան «բանի տեղ չի դրել»:  

«Սա է մեր իրականությունը, մարդկանց խնդիրներին ուշադրություն չեն դարձնում»,- ասաց պատգամավորը:  

Այն դիտարկմանը, թե արդյոք ժողովուրդը իշխանափոխություն է ուզում, պատգամավորը պատասխանեց. «100 հոգու ուղղի էս հարցը, եթե հարյուրից տասն ասաց, որ չի ուզում իշխանափոխություն, ես համաձայն կլինեմ, որ ժողովուրդն իշխանափոխություն չի ուզում: Բա ի՞նչ է ուզում ժողովուրդը: Հավանում է այս իշխանությանը, բայց, տուն-տեղ ծախելով, վերմակ-դոշակ վերցրած՝ գնում է Ռուսաստա՞ն»:

Մանուկյանը համոզված է՝ մարդիկ իսկապես իշխանափոխություն են ուզում.  «Իմ ելույթներից հետո հանրապետական պատգամավորները, պաշտոնյաները մոտենում, ասում են, որ ես ճիշտ եմ ասում»,- ասաց նա` չցանկանալով անուններ նշել:




Լրահոս