Իսկ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն մեծարում Կիսիլևին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա վրդովմունքը` կապված «Ռուսաստանն այսօր»  պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյևի  վիճահարույց հայտարարությունների հետ, իհարկե, միանգամայն հասկանալի և ընդունելի է բոլորի, անգամ` հանրապետականների համար: Թեև նրանք  դա ի ցույց դնելու  համարձակություն, բնականաբար,  չունեցան: Սակայն Փաշինյանի առաջարկը` Կիսիլևին «պերսոնա նոն գրադա»` անցանկալի անձ  հայտարարելու մասին, կարծում ենք` չափազանց է: Ինչպես ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էր պարզաբանել. «Պերսոնա նոն-գրադա» Հայաստանում հայտարարվում են այն անձինք, որոնց գործունեությունը վնաս է մեր ազգային և պետական շահերին»:

Անկեղծ ասած` դժվար է  համոզիչ փաստարկներ բերել առ այն,  որ Կիսիլևի՝ նախօրեին արած հայտարարությունները որևէ կերպ վնասում են մեր պետական և ազգային շահերին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի՝  վերջին քսան տարիների իշխանությունները մեր պետական և ազգային շահերը  կամավոր կերպով  և, ցավոք, կարծես թե անվերադարձ,  հանձնել են  Ռուսաստանի տնօրինմանը:  Ուստի պետք չէ զարմանալ, որ  Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակը Հայաստանի Ազգային ժողովում իրեն կարող է նման լկտի, և, ինչպես շատ տեղին ստուգաբանությամբ նկատեց Ալ. Արզումանյանը, ցինիկ պահվածք թույլ տալ:

ԱԺ պատգամավորները լավ կանեին Կիսիլևի խոսքերից վրդովվելուց բացի, կամ դրանից շատ առաջ` վրդովվեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական   ակումբի բացման փաստից ( երբ չկան հայ-ամերիկյան կամ հայ- ֆրանսիական ակումբներ), այն էլ` մի մարդու նախաձեռնությամբ, ով  հայտնի է Հայաստանում տխրահռչակ պուտինյան ակումբների բացմամբ: Աժ պատգամավորները նախ և առաջ պետք է մտահոգվեին, թե ինչու և որ արժանիքների համար են Աժ նախագահը, պաշտպանության նախարարը և այլք   այդ մարդուն  մեդալներ և կոչումներ շնորհում: Եթե շնորհում են` ուրեմն հօգուտ մեր պետական շահի ինչ-որ բան է արել: Եթե այդ ինչ-որ բանը նշված ակումբի բացումն է, որտեղ կիսիլևանմաններն ու վոլինկինները նման հայտարարություններ են անում, նշանակում է՝ մեր իշխանությունների  պատկերացմամբ` դա հօգուտ մեր ազգային շահի է:

Հետևաբար` նախքան Կիսիլևին «պերսոնա նոն գրադա» հայտարարելը,  պետք է այդ կարգավիճակը տալ Հայաստանի իշխանություններին, որոնց անմիջական ջանքերի արդյունքում, ի դեպ,   հայերի գերակշիռ մասի համար այսօր արդեն հենց ռուսաց լեզուն ունի մայրենիի կարգավիճակ, քանզի ինչպես մի առիթով հեգնեց Վլ. Պուտինը` Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում:




Լրահոս