ՖԻՆՆԱԽԸ ՄԻԱՎՈՐՎԵՑ ՊԵԿ-ԻՆ, ՊԵԿ-Ը ԿՈՒԼ ՏՎԵՑ ՖԻՆՆԱԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, իսկ այժմ՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իսկական աղետ է դարձել նախարարության աշխատակիցների գլխին:

Չնայած Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը վերակազմավորվեց՝ միացվելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն դե ֆակտո տեղի է ունենում հակառակը: ՊԵԿ-ի նախկին ղեկավար, այժմ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախարարությունն է միացնում ՊԵԿ-ին: Ավելին՝ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Գ. Խաչատրյանը նախարարությունում կադրային ջարդ է սկսել՝ աշխատանքից ազատելով նախարարության աշխատակիցներին՝ փոխարենը նշանակելով ՊԵԿ-ի իր կադրերին: Արդյունքում Խաչատրյանի՝ նախարար նշանակվելուց երկու ամիս էլ չի անցել, բայց արդեն գործազուրկ է դարձել մոտ 100 հոգի: Բացի այդ, նախարարության ներսում ահավոր թունավոր մթնոլորտ է ստեղծվել ու ՊԵԿ աշխատակիցներն ամեն քայլափոխի փորձում են ճնշել ու նվաստացնել Ֆինանսների նախարարության աշխատակիցներին՝ ցույց տալով իրենց առավելությունը:
Կադրային ջարդի առաջին փուլը եղավ մայիսի 17-ին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ աշխատանքից ազատվեցին նախարարի երկու տեղակալները՝ Լիանա Հունանյանն ու Արմեն Հայրապետյանը, փոխարենը նշանակվեցին ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներ Արմեն Ալավերդյանն ու Արթուր Աֆրիկանը:
Իսկ ահա կադրային ջարդի երկրորդ փուլը անում է անձամբ Գագիկ Խաչատրյանը: Օրերս լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատվել է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Այսինքն՝ ոչ թե բաժնի աշխատողները, այլ ողջ բաժինը: Բացի այդ, աշխատանքից ազատվել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչության 50 հոգանոց անձնակազմը՝ տեսչության պետ Սոնա Ղարիբյանի գլխավորությամբ: Աշխատանքից ազատվել են նաեւ նախարարության իրավաբանական եւ ներքին աուդիտի վարչության աշխատակիցները: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատում են նախարարության վարչության ողջ անձնակազմը եւ նրանց փոխարեն Գագիկ Խաչատրյանը նշանակում է ՊԵԿ-ի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ այս ազատումներն առաջիկայում լինեն շարունակական եւ նույնը կատարվի նաեւ մի շարք այլ վարչություններում: Այս ամենից բացի, Գագիկ Խաչատրյանն իջեցնում է Ֆիննախի վարչությունների նախկին պետերի պաշտոնը, նրանց նշանակելով տարբեր կարգի մասնագետներ, փոխարենը «պետ կարգելով» դարձյալ ՊԵԿ-ի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ն այդ մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով, դեռեւս կոնկրետ անուններ չի հրապարակում:
Կադրային այս ջարդը Ֆինանսների նախարարությունը մեկնաբանել է ՊԵԿ-ի հետ վերակազմավորվելու գործընթացով. «որոնք ենթադրում են աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում եւ դրա անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատում»,-ասված է նախարարության՝ «Սիվիլնեթ» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան ուղարկած պարզաբանման մեջ:
«Ժողովուրդ»-ին, սակայն, երեկ այս առնչությամբ ուշագրավ փաստեր հայտնի դարձան, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում ՊԵԿ-ի պարզաբանումները: Եվ այսպես՝ ՀՀ վարչապետի՝ «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եւ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» 06.11.1998թ. N620 որոշման համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության համար աշխատակիցների առավելագույն թվաքանակ է սահմանվել 498 հոգին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համար՝ 3262 հոգի, որից 917-ը ՊԵԿ աշխատակազմն է, 2345-ը՝ ՊԵԿ մաքսատների, հարկային տեսչությունների, օպերատիվ հետախուզության վարչության տարածքային բաժինների աշխատակիցները:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014թ. մայիսի 23-ի N482-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ է կատարել 1998թ. որոշման մեջ ու վերակազմավորված Ֆինանսների նախարարության համար աշխատողների առավելագույն թվաքանակ սահմանել 3760 հոգի: Այլ կերպ ասած, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ տեղի է ունեցել պարզ թվաբանական գումարում. իրար է գումարվել նախարարության ու ՊԵԿ-ի աշխատողների թվաքանակը (498+3262=3760): Ու հիմա Ֆինանսների նախարարության անվան տակ գործող ՊԵԿ-ի պարզաբանումը, թե վերակազմավորվելու գործընթացի արդյունքում «աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատում»-ն առնվազն անհասկանալի է. ըստ էության, հաստիքների թիվը չի փոխվել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս