ՕՐՀՆՎԱԾ ՍՀԱԹԻ ԳԵՐԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Երեկ վերջապես իրականացավ Սերժ Սարգսյանի վերջին տարիների ամենանվիրական երազանքներից մեկը. Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այն էլ պետական այցով: Միայն թե, Պուտինի այս այցը վերջնականապես ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների մոտ ինքնասիրության իսպառ բացակայությունն ու ստրկամտությունը. այդ հանգամանքը երեւաց ե՛ւ Սերժ Սարգսյանի գործողություններում, ե՛ւ հայտարարություններում:

Պուտինին սպասելիս

Մինչ Պուտինը կժամաներ Հայաստան, Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ վաղ առավոտյան ներկա է գտնվել Երեւանում` Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը յուրօրինակ թուլություն ունի արձաններ բացելու հարցում եւ իր իշխանավարման տարիներին պարտաճանաչ կերպով մասնակցել է Երեւանում տեղադրված գրեթե բոլոր նոր արձանների բացմանը: Այստեղ կարեւոր է մեկ այլ հանգամանք. հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները խորհրդանշող «Միացյալ խաչ» հուշարձանի բացմանը հայկական կողմը մասնակցում էր առաջին դեմքի մակարդակով, իսկ ահա ռուսական կողմից՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Մինչդեռ Ս. Սարգսյանը ռուսների առաջ այդքան նվաստանալու փոխարեն կարող էր հուշարձանի բացմանն ուղարկել Տիգրան Սարգսյանին. արդյունքում կստացվեր, որ հուշարձանը բացում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները` Տ. Սարգսյանն ու Մ. Սոկոլովը:

Բարեվ կտամ իմ յարին

Հուշարձանի բացումը, սակայն, Ս. Սարգսյանի նվաստացման առաջին քայլն էր. երեկ նման դրվագները բավական շատ էին: Այդ միջոցառումից հետո նա շտապեց Գյումրի, որտեղ պետք է վայրէջք կատարեր Պուտինի օդանավը: Սակայն ՌԴ նախագահը Գյումրի ժամանեց ավելի քան մեկուկես ժամ ուշացումով: Օդանավից իջնելիս Պուտինը բավական լուրջ էր, նույնիսկ երբ Ս. Սարգսյանը դեմքի լայն ժպիտով մոտեցավ նրան, վերջինս հպանցիկ կերպով, շատ սառը ողջագուրվեց: Այստեղից նրանք անմիջապես ուղեւորվեցին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն` մասնակցելու «Ռուսաստան-Հայաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Հետո նրանք թատրոնում հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետեւեցին Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: Ս. Սարգսյանն ու Վ. Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ դրեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին, որից հետո այցելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան: Հատկանշական է, որ ՀՀ նախագահականի հաղորդագրության մեջ նշված է, որ երկու երկրների ղեկավարները «ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի եւ ռազմակայանի հրամանատարի զեկույցները»: Իսկ ահա ՌԴ նախագահի մամուլի ծառայությունն իր հաղորդագրության մեջ անտեսել է Ս. Սարգսյանին ու նշել, որ ՌԴ նախագահը լսել է 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու զեկույցը: Առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ կարեւոր հանգամանք: Գյումրու ռուսական եկեղեցում մոմ վառելուց հետո Պուտինն ու Սարգսյանն ուղեւորվեցին Երեւան, ծաղկեպսակ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ավելի ուշ նախագահականում տեղի ունեցավ նրանց առանձնազրույցը, որին հետեւեցին պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Այցի ավարտին Ս. Սարգսյանն ու Վ. Պուտինը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Հարկ է նկատել, որ այս ողջ իրադարձությունները երեկ ընթանում էին անվտանգության աննախադեպ միջոցառումների, Պուտինի այցի եւ ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցության դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին եւ ոչ միայն նրանց՝ ոստիկանություն բերման ենթարկելու ներքո:

Այսպես խոսեց զրադաշտը

Հայաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել: «Ռուսաստան-Հայաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովում նա ասել է, թե ՌԴ-ն չի հեռանալու Անդրկովկասից. «Մենք ամրապնդելու ենք մեր դիրքերն Անդրկովկասում` հիմնվելով այն լավագույնի վրա, ինչ ժառանգել ենք մեր նախնիներից»: Պուտինը նաեւ խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին ու ասել, որ դա «հայ ժողովրդի եւ Հայաստանի ղեկավարության սուվերեն ընտրությունն է». «Բնականաբար, Ռուսաստանն ամեն բան կանի հայկական կողմի հետ այդ համագործակցությունը պաշտպանելու ուղղությամբ»: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի ելույթին, ապա նա երեկ այնքան էր հրճվել Հայաստանում Պուտինին տեսնելով, որ ելույթներում պարբերաբար նրան շնորհակալություն էր հայտնում` ԼՂ խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած ջանքերի, ՄՄ-ին ՀՀ անդամակցության հնարավորություն ընձեռելու, բնականաբար, նաեւ իրեն լսելու համար: «Այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջեւ փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին: Վլադիմի՛ր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ եւ բարեկամի քայլ է: Այն կարեւոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ»,-քծնանքի պոռթկումը չի զսպել Սերժ Սարգսյանը եւ թվարկել, թե ՀՀ-ում ռուսերեն քանի թերթ է հրատարակվում, քանի ալիք՝ հեռարձակվում, ինչ համերգներ ու բեմադրություններ են կազմակերպվում:

Եկել ես, որ ի՞նչ անես
Այնուամենայնիվ, ի՞նչ տվեց Պուտինի այցը Հայաստան: Տպավորություն էր, որ նա եկել էր ամոթից դրդված, քանի որ Ս. Սարգսյանն ամեն առիթով միշտ հրավիրել է, ու նա եկավ ասելու, որ հարգում է ոչ այնքան Ս. Սարգսյանին, որի հետ անգամ չողջագուրվեց, այլեւ հայ ժողովրդին: Հատկանշական է, որ թեեւ պաշտոնապես Պուտինի այցը կոչվում էր «պետական», սակայն առանցքային նշանակության լուրջ փաստաթուղթ չի ստորագրվել: Երեկ թողարկվել է Հրազդան ջէկ-ի 5-րդ էներգաբլոկը, ստորագրվել է տնտեսական համագործակցության շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր եւ այսպես շարունակ: Մասամբ կարելի է բացառություն համարել «Հայռուսգազարդ» ընկերության` հայկական կողմին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ՌԴ-ին հանձնելու եւ 155 մլն դոլարի պետական պարտքը մարելու մասին գործարքը: Այն, ըստ էության, հիշեցնում է Պուտինի` 2001թ. այցի ժամանակ ստորագրված «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շարունակությունը, թեեւ այս փաստաթուղթը կարող էր ստորագրվել նաեւ նախարարների միջեւ, ու հանուն դրա պետք չէր առանձին պետական այց կազմակերպել: 

                                                                                               ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս